Պետական դավաճանության գործով այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց դատավարությունը:
Հիշեցնենք, որ այս՝ Ռաֆիկ Պապոյանի և մյուսների դեմ հարուցված քրեական գործով առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, արդեն իսկ դատավճիռ կայացվել էր: Դատարանը Ռաֆիկ Պապոյանին (Սերգեյ Պապոյանի հայրը) դատապարտել է 14 տարվա ազատազրկման, իսկ Կարինե Ղումաշյանը՝ 12 տարվա ազատազրկման: Իսկ Սերգեյ Պապոյանին արդարացրել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Դատական ակտի դեմ վերաքննիչ դատարան բողոքներ էին ներկայացրել թե պաշտպանական, թե մեղադրող կողմերը:
Վերաքննիչ դատարանը բավարարել է միայն մեղադրողի բողոքը՝ առաջին ատյանի դատարանի կողմից Սերգեյ Պապոյանին արդարացնելու մասով բեկանել է դատավճիռը և ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Ներկայումս գործը քննվում է դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:
Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել մյուսների պատիժները:
Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել Սերգեյ Պապոյանի պաշտպանը՝ վատառողջության պատճառով: Եվ այս հիմքով նիստը հետաձգվեց:
Այսօր դատարան էին բերվել նաև այս գործով դատապարտված Ռաֆիկ Պապոյանն ու Կարինե Ղումաշյանը: Դահլիճում էր նաև Ռաֆիկի մայրը: Ալեհեր կինը լուռ լացում էր, հոգոց քաշում: Երբ որդին արդեն դահլիճում էր, մինչ նիստի սկսվելը մոտեցավ որդուն ու համբուրեց այտը: Իսկ այդ պահին ուղեկցող ոստիկանը նկատողություն արեց՝ չի կարելի մոտենալ:
Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Սերգեյ Պապոյանը Թուրքիայում բնակվող հոր` Ռաֆիկ Պապոյանի ուղղորդմամբ Թբիլիսիում հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից՝ Սեյրան անունով ներկայացած անձի հետ և հավաքագրվել վերջինիս կողմից, տրամադրել է Արցախի Մարտունու շրջանում որպես հետախույզ ժամկետային զինծառայության ընթացքում իր կողմից տիրապետած տեղեկություններ:
Սեյրանը նրան վճարել է 750 դոլար գումար և առաջադրանք տվել ընդունվել պայմանագրային ծառայության Մատաղիսի զորամասերից մեկում և տեղեկություններ հայտնել այդ զորամասի մասին «Սկայպ» ծրագրի կամ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով: