«Դեղերի մասին» նոր օրենքը, որն ընդունվել էր այս տարվա մայիսին, ընդամեն օրեր անց՝ դեկտեմբերի 15-ին ուժի մեջ կմտնի: Իրավաբան.net-ի հետ զրույցում դեղ-դեղամիջոցներ ներկրող «Վագա ֆարմ» ընկերության ղեկավար Վահե Վարսանյանը նշում է, որ նոր օրենքի ուժի մեջ մտնելու հետևանքով դեղերի ներկրման գործընթացում խոչընդոտներ կստեղծվեն, ինչը կբերի դեղերի թանկացման:
–Պարոն Վարսանյան, դեղերի ներկրման շուկայում ներկայումս ի՞նչ խնդիրներ կան:
-Սա բավականին գլոբալ հարց է: Սակայն նախ նշեմ, որ խնդիր ունենք՝ կապված «Դեղ գործակալության» («Էմիլ Գաբրելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ, որն ավելի հայտնի է «Դեղգործակալություն» անունով,- հեղ.) և առողջապահության նախարարության գործունեության հետ, երբ անհարկի խոչընդոտներ են ստեղծում՝ գրանցված դեղերի մաքսազերծման, ներկրման հարցում. խոսքը վերաբերում է թե անմիջապես արտադրողներից/իրավատերերից գնման, թե զուգահեռ ներկրման դեպքերին: Օրենսդրության համաձայն՝ դեղի ներկրման համար պետք է հավաստագիր տրվի առողջապահության նախարարության կողմից և դրա հիման վրա մաքսազերծումը կատարվի: Այն դեղերը, որոնք ԵՏՄ-ից չեն բերվում, ուղիղ մեր պահեստներ չեն գալիս, դիմում ենք առողջապահության նախարարությանը՝ հավաստագրման համար, որպեսզի կարողանանք մաքսազերծել: Լինում են անհարկի խոչընդոտներ, անօրինականություններ, որոնք դատական կարգով բողոքարկում ենք՝ ատյան առ ատյան, ինչը երկար ժամանակ է տևում:
Դեկտեմբերի 15-ից ուժի մեջ է մտնում «Դեղերի մասին» նոր օրենքը, ինչը նոր խնդիրներ է առաջ բերելու: Մենք ներկայումս դեղերի զուգահեռ ներկրումներ ունենք ԵՏՄ-ից, Վրաստանից, ինչի արդյունքում դեղերի գները 30 տոկոսից մինչև 3 անգամ նվազել են: Սակայն նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո իրականում սահմանափակվելու են այդ զուգահեռ ներկրումները, և հնարավոր է դեղերի թանկացում:
(Ի՞նչ է զուգահեռ ներկրումը: Արտադրողը միևնույն դեղն արտադրում է տարբեր շուկաների համար: Եվ տարբեր շուկաների համար նախատեսված արտադրանքը կարող է տարբերվել տվյալ երկրում գրանցման հավաստագրի իրավատիրոջով, փաթեթավորմամբ, մակնշման լեզվով, դեղի օգտագործման անվտանգության կանոններով`պիտանիության ժամկետ, պահպանման պայմաններ եւ այլն: Զուգահեռ ներկրումն այն է, երբ ներկրվում է մեկ այլ շուկայի համար արտադրված դեղամիջոցը,- հեղ.):
Դեղերի արտադրողները, իրավատերերը (այսպես կոչված՝ հոլդերները) տարբեր շուկաներին միևնույն դեղը տալիս են տարբեր գներով՝ կախված տվյալ երկրի և իրենց գնային քաղաքականությունից: Եվ ստեղծում են պրոբլեմներ, որպեսզի նույն դեղն այլ շուկայից չներկրվի, այլ ձեռքբերվի անմիջապես իրենցից: Օրինակ, մի շուկայի համար արտադրված միևնույն դեղի պահպանման պայմանը նշվում մինչև 30 աստիճան, իսկ մեկ այլ շուկայի արտադրանքի դեպքում՝ 15-30 աստիճան: Մեկ այլ շուկայի համար արտադրված աչքի կաթիլների վրա գրվում է, որ բացելուց հետո պիտանի է օգտագործման 25 օր, մեկ այլ շուկայի դեպքում՝ 30 օր:
Թվում է` նման դեպքերում պիտի որևէ խնդիր չլինի, բայց հսկայական խոչընդոտներ են ստեղծvում: Եվ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո այդ խոչընդոտներն արդեն իսկ օրինական են դառնալու:
Զուգահեռ ներկրումների արդյունքում է, որ հենց իրավատերերն իրենք էլ սկսում են գներն իջեցնել, որպեսզի զուգահեռ ներկրման կարիք չլինի: Եթե շուկան ուսումնասիրենք, կտեսնենք, թե որքան են նվազել գները:
-Օրինակ, ո՞ր դեղերն են էժանացել:
-Շատ են դրանք, օրինակ «Նուրոֆեն»-ի օշարակը այն ժամանակ 3000 դրամ էր, իսկ հիմա 1100 դրամ արժի: Իսկ «Դեղգործակալությունը» կարծես դեղ արտադրողների և դրանց իրավատերերի գործակալությունը լինի. այնպես են աշխատում, որ դեղի տուփի մի աննշան տարբերության դեպքում էլ չկարողանանք ներկրել: Կարող եք հարցնել՝ ինչու՞ են խոչընդոտներ ստեղծում:
Այն բանի համար, որ այն փակ բաժնետիրական ընկերություն է, շահ հետապնդող ընկերություն է, և ամեն անգամ եզրակացություն տրամադրելու համար վճարումներ է ստանում: Իր գոյությունը հիմնավորելու համար, որ իբր հետևում է, որ դեղերն անորակ չլինեն, խոչընդոտներ է ստեղծում, թե իբր չգրանցված դեղ է ներկրվել: Բացի հարկերից, նրանց ստացած այդ փողերը բյուջե չեն գնում: Հարկերը մուծում են, և միլիոնավոր գումարներ մնում են այդ պատերի մեջ:
-Դուք նշեցիք, որ «Դեղերի մասին» նոր օրենքի ընդունումը խոչընդոտներ է ստեղծելու: Խնդրում եմ մանրամասնեք, թե ինչ նկատի ունեք:
-Նոր օրենքով սահմանվում է, որ դեղի ներկրումը կարող է արգելվել, եթե ներմուծվող դեղի փաթեթավորման գրառումներում բացակայում են կամ գրանցանմուշի հետ չեն համապատասխանում դեղը բնութագրող այն ցուցանիշները, որոնք նշված են գրանցամատյանում: Իսկ գրանցամատյանում նշվում են դեղի անվանումը, բաղադրակազմը, դեղաչափը, դեղաձևը, թողարկմանը ձևը, արտադրողը, գրանցման հավաստագրի իրավատերը: Բնական է, որ մեր երկրում և մեկ այլ երկրում իրավատերերը կարող են նույնը չլինել:
Ավելին, եթե բերում ես ոչ նույնական դեղ, ապա կարող է այդ անվանումով դեղերի արդեն իսկ ներկրված և նույնական բոլոր խմբաքանակների իրացումը կասեցվել: Եվ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով էլ բավականին մեծ տուգանքներ են սահմանվում՝ յուրաքանչյուր անվանում դեղի համար՝ 1 միլիոն դրամ: Այսպիսի աբսուրդ բաներ կան:
Եվ եթե «սպիտակ ներկրումները» սահմանափակվելու են, ապա ստվերային ներկրումներն են շատանալու: Եթե դեղը պահանջարկ ունի, ապա կներկրվի: Պետության դերը պետք է այն լինի, որ հնարավորինս թափանցիկ դարձվի ներկրումների գործընթացը, որ ներկրված ապրանքների համար հարկերը մուծվեն, ֆիսկալ քաղաքականություն իրականացվի՝ և բյուջե վճարումներ կկատարվեն, և վերահսկելի կլինի գործընթացը, և անվտանգ ու մատչելի դեղեր կներկրվեն:
-Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո ի՞նչ փոփոխություններ են եղել:
-Իրականում տարբերությունները մեծ չեն մինչև ԵՏՄ մտնելը և դրանից հետո: Այն ժամանակ մաքսային մարմնում էինք ԱԱՀ-ն (ավելացված արժեքի հարկը) վճարում, հիմա՝ ներկրելուց հետո հաջորդ ամսվա 20-րդ օրն ենք այն վճարում: Եթե այն ժամանակ ապրանքը գալիս էր, մաքսային պահեստներում էր մնում, հիմա միանգամից գալիս է մեր պահեստներ: Չի կարող շատ բան փոխվել, քանի որ ԵՏՄ-ի հիմնական մասնակիցը Ռուսաստանն է, որտեղ մեծ զարգացում չկա:
-Վարչապետ Կարեն Կարապետյանը բավականին խիստ հայտարարություններ արեց բիզնեսի զարգացմանը խթանելու, մենաշնորհների դեմ պայքարելու վերաբերյալ: Այդ հայտարարություններից հետո որևէ բան փոխվե՞լ է:
-Մեզ մոտ շուկան կայացած է, եզակի ոլորտներից է, որտեղ մոնոպոլիա չկա, շուկայում խաղացողները շատ են, շուրջ տասը ընկերություններ դերակատարներ են: Բայց այնպես չէ, որ կառավարության փոխվելուց հետո առողջապահության նախարարության մոտեցումները փոխվել են: Համենայնդեպս, «Դեղգործակալությունը» շարունակում է գործել հյուսիսկորեական մեթոդներով:
-Ներկրողները, սովորաբար, դժգոհություններ են ունենում մաքսային մարմինների աշխատանքից:
-Մաքսայինը երբևէ դեղերի ոլորտում որևէ խոչընդոտ չի ստեղծել: Դեղերի հաշիվ- ապրանքագրերը միշտ հաշվի են առնվում, քանի որ 95 տոկոսի դեպքում դրանք ներկայացվում են դեղ արտադրողների կողմից: Չնչին դեպքեր են եղել, երբ խնդիրներ են եղել մաքսային մարմնի հետ: 2008 թվականից հետո նման դեպքեր չունենք: Ոլորտը մրցակցային է: Եթե մաքսայինց խոչընդոտ լիներ, դաշտում մեկ-երկու խաղացող կլիներ:
-Երբ դեղը արտերկրից բերում եք, ինչքա՞ն ժամանակ է պահանջվում, որ կարողանաք բոլոր այդ խոչընդոտները հաղթահարել՝ ներկրելու համար:
-10-15 օր, ինչը բավականին մեծ է:
-Իսկ ինչպե՞ս է կատարվում ապրանքի ներկրման այդ գործընթացը:
-Ապրանքը մաքսային պահեստ բերվելուց հետո մեր աշխատակիցները գնում-բեռնաթափում են, ստուգում են, «Դեղգործակալության» աշխատակիցը գալիս է, նմուշները, փաստաթղթերը տալիս ենք նրան, 7 աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննություն է անցկացվում, փաստաթղթերն են ստուգվում: Մոտ 10 օր տևում է դա, իսկ հետո տալիս են փորձաքննության եզրակացությունը, որի հիման վրա հավաստագիր ենք ստանում առողջապահության նախարարությունից, հետո մաքսազերծում ենք ու բերում մեր պահեստ:
-Իսկ կա՞ն ընկերություններ, որ դեղերի ներկրման այդ պրոցեսն ավելի հեշտ ու արագ են անցնում:
-Չեմ կարծում: Մինչև այդ փաստթուղթը չլինի, մաքսային մարմինները ձևակերպումներ չեն անի:
Հարցազրույցը՝ Աստղիկ Կարապետյանի