ՀՀ փաստաբանների պալատը մերժել է իրավաբանին

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ քննեց Դավիթ Մայիլյանի հայցը` ընդդեմ ՀՀ Փաստաբանների պալատի` ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի 15.05.2012թ. որոշումը անվավեր ճանաչելու (վերացնելու) և ՀՀ փաստաբանների պալատին որոշակի գործողություներ կատարելուն պարտադրելու պահանջով:

Հայցվորի ներկայացուցիչ Ռոման Ահարոնյանը պնդեց հայցը, ըստ որի` Դավիթ Մայիլյանը 2012թ. Փաստաբանների պալատ է ներկայացրել իր փաստաղթղերը և դիմումը` փաստաբանի որակավորման քննություններին մասնակցելու համար, սակայն Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովից ստացել է մերժում: Որպես հիմնավորում` նշվել է, որ իր մասնագիտական աշխատանքային ստաժը բավարար չէ: Նշված որոշումը Դավիթ Մայիլյանի կողմից բողոքարկվել է Փաստաբանների պալատի խորհրդին, որը մերժել է այն` պատճառաբանելով իրավաբանի մասնագիտությամբ համապատասխան որակավորման բացակայությունը:

Հայցվորի ներկայացուցիչը նաև նշեց, որ 2010թ. նույն փաստաթղթերով Դավիթ Մայիլյանը դիմել է Փաստաբանների պալատին` որակավորման քննությունների մասնակցելու համար և մասնակցել է քննություններին, պարզապես ստացած միավորները բավարար չեն եղել:

Փաստաբանների պալատի ներկայացուցիչ Իրինա Փիլոյանը ամբողջությամբ առարկեց հայցվորի պահանջների դեմ` պնդելով, որ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կողմից տրված դիպլոմը ուսուցչի դիպլոմ է, ոչ թե իրավաբանի: Իրինա Փիլոյանը խոսքով` Դավիթ Մայիլյանի դիպլոմում նշված է «Մասնագիտությունը` պատմություն, լրացուցիչ իրավագիտություն», ուստի հիմնական մասնագիտությունը իրավագիտություն չէ:

Հայցվորի ներկայացուցչի միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց` ներկայացված փաստաթղթերի բնօրինակները դատարանին ներկայացնելու համար:
Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին, ժամը 16:00:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել