3-ամյա երեխայի թրաֆիքինգի մեջ մեղադրվողի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվեց

3-մյա երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվող` 52-ամյա Լուսիկ Գրիգորյանի հանդեպ այսօր դատարանի կողմից կայացված ակտով՝  դադարեցվեց քրեական հետապնդումը և նշանակվեց հարկադիր բուժում: Համաձայն մեղադրական եզրակացության, նա ընկերուհու՝ 38-ամյա Լուսինե Առաքելյանի հետ Լուսինեի մանկահասակ երեխային շահագործելու դիտավորությամբ, երեխային 2012թվականի փետրվարից մինչև 2013 թվականի հունիսը պահել են ստրկությանը հավասարազոր` երեխայի աշխատանքիվատթարագույն վիճակում: Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներովարարք կատարելու համար:

Գործի նյութերի համաձայն` Լուսինեն իր 6 ամսական տղային տվել է Լուսիկին, որ նա երեխային գրկած մուրացկանություն անի, կարողանան ապրուստի միջոց ունենալ: Նրանք վարձակալել են կիսանկուղային մի սենյակ, որի համար օրական վճարել են 4000 դրամ: Լուսիկը նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ է եղել, այնուհետև նրա պաշտպանի միջնորդությամբ նշանակվել է համալիր դատաբժշկական և դատահոգեբանական փորձաքննություն և փորձաքննությունը նշանակվելու պահից  սկսած գտնվել է հոգեբուժական հիմնարկում:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ Լուսիկը ճանաչվել է անմեղսունակ: Այսօրվա դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազ Արմեն Մարուխյանը միջնորդեց դատարանին՝ դադարեցնել ամբաստանյալի հանդեպ քրեական հետապնդումը և նրա հանդեպ նշանակել հարկադիր բուժում: Նա իր միջնորդության մեջ նշեց, որ ամբաստանյալին վերագրված մեղադրանքը թեև լիովին ապացուցված է, սակայն վերջինս անմեղսունակության պատճառով չի գիտակցել իր արարքի վտանագավորության աստիճանը:

Դատարանում դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովի ղեկավարն էլ հայտնեց, որ Լուսիկ Գրիգորյանը նախորդ տարվա դեկտեմբերից գտնվել է բժիշկների հսկողության տակ և իրականում անցել է ընդհանուր կարգով հարկադիր բուժումը և ներկայումս կարող է բուժումը շարունակել արտահիվանդանոցային պայմաններում:

Ամբաստնյալ Լուսիկն էլ դատարանին խնդրեց՝  հնարավորություն տալ բուժումը տնային պայմաններում շարունակել: Իսկ դատավոր Արտուշ Գաբրիլեյանի այն հարցին, թե ո՞վ է իր համար դեղեր գնելու և խնամելու իրեն, նիստերի դահլիճում ներկա ամբաստնյալի ազգականներից մի կին բացականչեց՝ ես:

Դատարանը կողմերին լսելուց հետո անցավ խորհրդակցական սենյակ և կարճ ժամանակ անց հրապարակեց որոշումը՝ Լուսիկի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու և արտահիվանդանոցային պայմաններում հարկադիր բուժում նշանակելու վերաբերյալ: Այս որոշումը կարող է բողոքարկվել 10 օրվա ընթացքում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել