Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց նախկին վարչապետ և ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանն ընդդեմ գործարար Փայլակ Հայրապետյանի գործով դատավարությունը: Գործի քննվում է դատավոր Զարուհի Նախշքարյանի նախագահությամբ:
Դատական նիստին որոշվեց՝ գործին ներգրավվել երրորդ անձ՝ shamshyan.com-ի ներկայացուցիչին, ով ներկա չէր, ուստի դատը հետաձգվեց:
Հիշեցնենք, որ՝ Shamshyan.com էլեկտրոնային կայքի միջոցով 2015 թվականի մարտի 24-ին լույս է տեսել սկանդալային օֆշորային գործի մասին հոդված, որտեղ հարցազրույց է տվել Փայլակ Հայրապետյանը: Տվյալ հոդվածի մեջ տեղ են գտել մի շարք արտահայտություններ, որոնք, ըստ հայցվորի ներկայացուցչի՝ Արամ Օրբելյանի՝ զրպարտում են Տիգրան Սարգսյանին: Ըստ պահանջի՝ Փայլակ Հայրապետյանից հօգուտ Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 մլն ՀՀ դրամ` որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև՝ լուծել դատական ծախսերի հարցը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին:
Ազնիվ Սիրադեղյան