ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1113–րդ հոդվածի համաձայն` հեղինակային իրավունքի օբյեկտ են` ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունները` անկախ ստեղծագործության նշանակությունից ու արժանիքներից, ինչպես նաև այն արտահայտելու եղանակից ստեղծագործությունների մասերը, դրանց անվանումները և ածանցյալ ստեղծագործությունները:
Նույն հոդվածի համաձայն` ածանցյալ ստեղծագործությունների շարքին են դասվում նաև թարգմանությունները։ Դրանք պետք է արտահայտվեն բանավոր, գրավոր կամ այն ընկալելու հնարավորությունը թույլատրող այլ օբյեկտիվ ձևով:
Բացի այդ, հեղինակային իրավունքը տարածվում է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված թարգմանությունների վրա:
Հավելենք, որ ածանցյալ ստեղծագործությունները պահպանվում են հեղինակային իրավունքով` անկախ այն ստեղծագործության հեղինակային իրավունքի օբյեկտ լինելու հանգամանքից, որի վրա դրանք հիմնված են կամ որը ներառում են: