Այսօր Սահմանադրական դատարանի շենքում տեղի ունեցավ ասուլիս, որտեղ քննարկվում էր Սահմանադրական բարեփոխումների մասին ծրագիրը: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն ասաց, որ ՀՀԿ խորհրդի նիստում այս հարցը ևս քննարկվել է և եթե խաղաղ ժամանակ Զինված ուժերի ղեկավարությունը իրականացնում է կառավարությունը, ապա պատերազմի ժամանակ հրամանատարությունն անցնում է վարչապետին:
Նա նաև ասաց, որ նոր Սահմանադրությամբ զինված ուժերի համակարգում ամենաբարձր պաշտոնը համարվելու է Գլխավոր շտաբի պետը:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ նույն խանդավառությամբ 2005թ․-ին Վարդան Պողոսյանը դրական էր գնահատում ներկայիս Սահմանադրությունը, իսկ հիմա վատաբանում այն, նա պատասխանեց. «Ես չեմ ասել, որ 2005-ի բարեփոխումներն ամենալավն են եղել, կան բազմաթիվ ներկայացված փոփոխություններ: Սա բացի դրական փոփոխություններից ունի նաև բազմաթիվ թերություններ և այդ թերություններն արդեն պարզվել են: Թերությունները շտկելուց հետո զգալի տարբերություն կա: Այն կարճ ժամանակահատվածը, երբ ես քաղաքական դաշտում էի, ես կողմ էի կառավարման համկարգի փոփոխման նախագծին, բայց ԱԺ-ն դա մերժեց»:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանն էլ ասաց, որ նախագծով մինչև չընտրվի նոր վարչապետը նախկինը չի կարող հեռացվել կամ հրաժարվել պաշտոնից, քանի որ երկիրը առանց վարչապետի մնալ չի կարող: Ըստ նրա՝ նոր նախագծով պառլամենտական համկարգն ավելի կայուն է լինելու:
Այն հարցին, թե ինչո՞ւ ԱԺ պատգամավորներ նվազագույն թիվը սահմանվել է 101, իսկ առավելագույն քանակի մասին խոսք չկա, նա ասաց․«Եթե առաջին փուլի արդյունքներով ձևաևվորվում է մեծամասնություն և երկրորդ փուլ տեղի չի ունենում, ուրեմն ԱԺ պատգամավորների թիվը 101 է: Եթե երկրորդ փուլ է իրականացվում, հաղթող քաղաքական ուժը ստանում է հավելյալ մանդատներ»,- նշեց Պարոն Թովմասյանը՝ հավելելով, որ նա, ով ձևավորում է կառավարությունը, նա էլ պետք է պատասխան տա երկրի անվտանգության համար:
Ըստ նրա՝ տեսականորեն ԱԺ-ն առավելագույնը կարող է ունենալ 198 պատգամավոր։
Վարդան Պողոսյանն էլ իր հերթին նշեց, որ միգուցե բարեփոխումների արդյունքում պատգամավորների համար հայերենի իմացությունը սահմանադրորեն պարտադիր լինի։
Էլեն Բարսեղյան