«Սդղի գյոլ»-ի գործով Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդուն մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ բացահայտումն ապահովելու համար, ինչի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ կատարված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին մասնակցել է նաև  քաղաքացի Էյներ Խաչատրյանը։

Նախնական քննության արդյունքներով՝ մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, «Սդղի գյոլ» կոչվող տարածքում առաջացած վիճաբանության ժամանակ մի խումբ անձինք ծեծել են Մուշեղ Զաքարյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի ժամանակ Էյներ  Խաչատրյանը ևս  ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Է.Խաչատրյանին հուլիսի 14-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք Մ.Զաքարյանի նկատամամբ բռնություններ կիրառելու համար մեղադրանք է առաջադրվել ևս 5 անձի. նրանցից 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ 4-րդի նկատմամբ նույն մեղադրանքով հայտարարվել է հետախուզում, ևս մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ միջադեպի ներկա մյուս անձանց գործողությունների բնույթը, բռնություններին մասնակցության աստիճանը հստակեցնելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել