Ես շարունակելու եմ պայքարել իրավունքի և արդարության համար. Արշավիր Խալափյան

Փաստաբան Արշավիր Խալափյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով դիմել է բոլոր իրավապաշտպաններին, փաստաբաններին, մարդու իրավունքների պաշպանությամբ զբաղվող տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին և լրատվամիջոցներին:

Նա գրել է. «Հարգելի բարեկամներ, Սյունիքի մարզի դատախազության դատախազ Գարիկ Դանիելյանի և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի համատեղ ջանքերով 05.05.2015թ.-ին իմ դեմ կայացվեց ակնհայտ ապօրինի մեղադրական դատավճիռ, որով ես դատապարտվեցի մեկ տարվա ազատազրկման, Սյունիքի մարզի դատախազությունը և մենք բողոքարկել ենք սույն դատավճիռը: 14.07.2015թ.-ին ժամը 12:00-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի թիվ 2 դահլիճում տեղի կունենա մեր բողոքների քննությունը: Հարգելի բարեկամներ Սյունիքի մարզի դատախազությունը և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, ի դեմս դատավոր Օհանյանի, շինծու և չհիմնավորված մեղադրանքներով ինձ հետ հաշվեհարդար են տեսնում տարիներ շարունակ իմ կողմից դրսևորված ըմբոստ և իրենց համար անընդունելի գործելակերպի, այդ թվում նաև Սյունիքի մարզի Սյունիք գյուղական համայնքի մի խումբ բնակիչների շահերը հետևողականորեն պաշտպանելու, Սյունիք գյուղում կատարվող ապօրինությունների մասին բարձրաձայնելու և այս ապօրինությունները կոծկող Սյունիքի մարզի դատախազության որոշումներն ու դատավոր Օհանյանի կայացրած դատական ակտերը բողոքարկելու համար: Քանի դեռ ազատության մեջ եմ, ես շարունակելու եմ պայքարել իրավունքի և արդարության համար: Դիմում եմ բոլորիդ և խնդրում, որ Ձեր կարողության շրջանակներում Ձեր աջակցությունը ցուցաբերեք իմ և Սյունիք գյուղի մի խումբ բնակիչների պայքարին, խնդրում եմ Ձեր մասնակցությունը բերեք 14.07.2015թ.-ին ժամը 12:00-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի թիվ 2 դահլիճում նշանակված դատական նիստին: Ձեր ներկայությամբ մեծ բարոյական աջակցություն կցուցաբերեք ինձ և իմ շահերը ներկայացնող հարգարժան փաստաբաններին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել