755 միլիոն դրամ կառավարությունը նախորդ տարի հատկացրել է 6 պետական կառույցների` աշխատակիցների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով: Իրավաբան.net-ն անդրադարձել էր այն հարցին, որ գնված բնակարանները, բացի ոստիկանությունից, մյուս մարմինները սեփականության իրավունքով հանձնել են իրենց աշխատակիցներին` գրեթե առանց նախապայմանի: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ գնված 28 բնակարաններից 16-ը «Երազ» թաղամասում են և գնվել են «Միկշին», «Միկմետալ» ընկերություններից:
«Թրանսփարենսի ինտերնեյշընըլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ այս գործարքը կոռուպցիոն ռիսկ է պարունակում: Նախ այս դեպքում բնակարանները գնվել են երկու տարբեր կազմակերպություններից` «Միկշին» և «Միկմետալ» ընկերություններից, և առուվաճառքի պայմանագրերում երկու ընկերությունների անունից լիազորված է միևնույն անձը:
Մյուս կողմից հիմնավորված չէ, թե ինչու, ինչ չափանիշներով են ընտրվել աշխատակիցները, որոնց սեփականության իրավունքով տրվել են բնակարանները. «Խտրականությունը բացառելու համար պաշտոնը ստանձնելու պահին պետք է նշվի, որ այս անձը ինչ-որ չափանիշների բավարարելու դեպքում կարող է պետական աջակցություն ակնկալել: Սակայն այս դեպքում այդ չափանիշները չկային»,- ասաց Ա. Մանուկյանը:
Ի դեպ, հիշեցնենք նաև, որ բնակարան էր հատկացվել նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանին, ով պաշտոնը ստանձնելու պահին իր գույքի և եկամուտների հայտարարագրում նշել էր բնակարան ունենալու մասին: Ավելին, նա ընդհանուր առմամբ, նույնիսկ 10 տարի չի աշխատել պետական համակարգում: