Մարշալ Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարները չեն հիշում, որ շտապօգնության մեքենա փորձի այստեղից անցնել ու նրանք թույլ չտան:
«Այդպիսի բան չի եղել, եթե որևէ մեկն իրեն վատ է զգացել, ապա բոլոր ակտիվիստները ճանապարհը բացել ենք, գոռալով, ամեն ինչով, որ ժողովուրդը քաշվեն մի կողմ»,- ասաց հավաքված ցուցարարներին համակարգող խմբի անդամներից Գարիկ Հակոբյանը:
Նրա խոսքերով՝ մարդիկ մշտապես պատրաստակամ են եղել ու բացել են ճանապահը շտապօգնության մեքենաների համար:
Գարիկը հաղորդեց, որ իրենք չեն պատրաստվում լքել Բաղրամյան պողոտան, փոխարենը նախաձեռնելու են ավելի հետաքրքիր ու բազմազան ակցիաներ ու միջոցառումներ:
Պողոտայից այսօր հեռացրել են երեք անձանց, որոնք ալկոհոլի ազդեցության տակ են եղել: Այս մասին գրել ենք: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն այս առնչությամբ հայտարարությամբ հանդես եկավ, նրա խոսքերով՝ բազմաթիվ անգամ նստացույցի մասնակիցները մոտեցել են այդ քաղաքացիներին, խնդրել, որ լքեն տարածքը, սակայն անձիք չեն ենթարկվել ու սկսեցին կրկին ալկոհոլ օգտագործել, որի արդյունքում ոստիկանները նրանց հեռացրին:
Ըստ Դավիթի՝ այս անձիք նաև հայտարարել են, որ նախաձեռնության անդամներն են իրենց տրամադրել ալկոհոլ. «Այսինքն՝ նրանք նախապատրաստված եկել էին, որպեսզի քաղաքացիական շարժման վրա բիծ գցեն: Սա փաբ չի, որ ով ոնց ուզենա խմբի, սա մեր տունն է, մենք այստեղ ապրում ենք, միասին սնվում ենք, սա բացօթյա մեր ընտանիքն է, պետք է պահենք համակեցության կանոնները»,- ասաց նա: