Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի գործով նոր վարույթ չի հարուցվի: Նման որոշում կայացրեց այսօր դատարանը:
Նուբարաշեն ՔԿՀ-ի կիսախարխուլ միջոցառումների սրահում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ Մհեր Ենոքյանն ընդդեմ գլխավոր դատախազության գործով հերթական դատական նիստը: Հիշեցնենք, որ նախորդ նիստի ավարտին դատապարտյալը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատարանում իր շահերը պաշտպանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Նա այսօր հայտարարեց. «Կա լուծելու մեկ խնդիր, որը ունի լուծման երկու տարբերակներ: 20 տարի առաջ որոշել են, որ դու՝ Մհեր, պետք է մեռնես, և նրանց որոշումն անբեկանելի է: Այդ հանցագործությունը եղել է տանը՝ ցերեկային ժամերին: Քանի՞ այնպիսի դեպք կա, երբ կանխամտածված հանցագործությունն իրականցնում են նմանատիպ պայմաններում, ես չգիտեմ այդպիսին: Փոխարենը քանիսը կան, որ կենցաղային վեճը վերածվում է սպանության, այդպիսին շատ գիտեմ: Մհերին դատում են առանց համապատասխան փորձաքննությունների՝ հիմնվելով հանցակից անձնավորության ցուցմունքների վրա: Եթե համեմատում ենք նրա հետագա ցուցմունքները, տեսնում ենք, որ դրանք ավելի լավ շարադրվածություն ունեն, բովանդակայի առումով էլ հակասում են նախնականին: Փորձագետները գրում են, որ նրա ցուցմունքները ամբողջությամբ հակասում են իրար»,- հավելեց փաստաբանը:
Մհեր Ենոքյանի մյուս փաստաբանը՝ Սեյրան Գրիգորյանն էլ նշեց, որ փորձագետները հերքում են ամբաստանյալի կողմից սպանություն կատարելու փաստը. «Չկա Ենոքյանի մատնահետքերը, չկան որոշակի ուսումնասիրություններ, միթե այս ամենը բավարար չէ վարույթ հարուցելու համար: Մեզանում խուսափում են դատական սխալ արտահայտությունից: Հարուցե՛ք վարույթ, քննե՛ք, զննե՛ք, և թող Ենոքյանի գործը լինի առաջինը»,- ասաց փաստաբանը:
Ենոքյանն էլ ցանկություն հայտնեց, որ դատախազ Լևոն Չարխիֆալաքյանը կարդա իր՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը՝ նշելով, որ պատրաստ է տալ լրացուցիչ ցուցմունքներ, սակայն, իր դիմումը պարզապես անարձագանք է մնում. «Ցույց տվեք մեկ ապացույց, որ ես եմ կատարել սպանությունը և ես, ներողություն խնդրելով, կգնամ իմ խուցը՝ այնտեղ մնալով ցմահ»,- հավելեց դատապարտյալը:
Իսկ դատախազ Չարխիֆալաքյանը ասաց, որ դիմումը ստացվել է, բայց չի ընթերցի: Այն այժմ գտնվում է համապատասխան անձանց մոտ:
Ենոքյանը վերջում ավելացրեց, որ դիմել է պատկան մարմիններին՝ խնդրելով ապահովել իր և ընտանիքի անվտանգությունը, որի պարագայում նա շատ կարևոր հայտարարություն կանի, սակայն կրկին դիմումը մնացել է անարձագանք:
Դատարանը հեռացավ խոհրդակցական սենյակ՝ որոշու կայացնելու: Վերադառնալով Մնացական Մարտիրոսյանը ամբողջությամբ մերժեց քրեական գործով նոր վարույթի հարուցելու միջնորդությունը: Այս որոշումը զայրացրեց նիստերի դահլիճում գտնվող քաղաքացիներին, որոնք սկսեցին վիրավորական արտահայտություն հնչեցնել դատավորի հասցեին:
Տիգրանուհի Հարությունյան
Ելենա Արամյան