Ի՞նչ իրավունքներ ունեն կանայք. ուսուցում Լոռու մարզում

Ինտերակտիվ քննարկման և ուսուցման միջոցով Լոռու մարզի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները ծանոթացան կանանց իրավունքներին, ոլորտի խնդիրներին և վիճակագրությանը:

«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամները Վանաձորում հերթական դասախոսություններով հանդես եկան:

Միջոցառման մեկնարկը տրվեց ՀԵԻԱ գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանի խոսքով: Նա ներկայացրեց «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագիրը, խոսեց դրա շրջանակներում իրականացվելիք միջոցառումներից:

Այնուհետև ՀԵԻԱ Լոռու մարզային մասնաճյուղի ղեկավար, ծրագրի իրավախորհրդատու Արթուր Սուքիասյանը անդրադարձավ ոլորտային խնդիրներին, նա ընդգծեց. «Հաճախ նույն մարդիկ, ովքեր խոսում են կանանց իրավունքների մասին, այդ իրավունքների ծավալին ու օրենսդրությանը չեն տիրապետում: Եթե խոսում ենք կանանց իրավունքները պաշտպանելու մասին, նախ և առաջ պետք է իմանանք այդ իրավունքները: Տարբեր ժամանակներում, տարբեր քաղաքակրթություններում կանանց դերը տարբեր է եղել: Չնայած տարաձայնություններին և գաղափարական տարբերություններին, միշտ մի բան եղել է հստակ` կան կանանց իրավունքներ»,- ուստի մասնագետը կարևոր համարեց այն հանգամանքը, որ ընդհանուր իրավունքների ոլորտում առանձնանցվեն կանանց իրավունքները:

Խոսելով ուսուցման մասին` նա ընդգծեց, որ այսօրվա սեմինաը կարող է բավականին գիտելիքներ տրամադրել կանանց իրավունքների վերաբերյալ. «ՔՀԿ-ների ու ՏԻՄ-երի ներկայացուցիչներ ամենօրյա գործունեության ընթացքում մշտապես առնչվում են կանանց իրավունքներին, խախտումների դեպքերին: Այս տեսանկյունից ձեզ համար, կարծում եմ, որ բավականին արդյունավետ կլինեն դասախոսությունները»,- նշեց Արթուր Սուքիասյանը:

Սեփականության, ինչպես նաև ընտանեկան ժառանգման իրավունքը ներկայացրեց ծրագրի փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը. «Շատ են հանդիպում դեպքեր, երբ ամուսինները գտնվում են օրենքով սահմանված կարգով չգրանցված` փաստական ամուսունության մեջ, ինչի արդյունքում վերջեիններիս համար չեն կարող ծագել գույքային իրավունքներ, ուստի կանայք, հայտնվելով այս իրավիճակում, զրկվում են փաստական ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքից»,- նշեց փաստաբանը:

Նա նաև խոսեց կանանց վերարտադրողական առողջության իրավունքներից, այդ թվում՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրից, ընդգծելով, որ ներկայումս առողջապահության նախարարությունը հեղինակել է օրենքի նախագիծ, որով արգելվում է բուժաշխատողին մինչև հղիության 30 շաբաթվա լրանալը հայտնել կնոջը կամ նրա ազգականներին երեխայի սեռի վերաբերյալ տեղեկություն, օրենքի ընդունումից հետո այս խախտման համար բուժաշխատողները կենթարկվեն վարչական պատասխանատվության` 250-300 հազարի չափով, իսկ նույն արարքը մեկ տարում կրկնվելու դեպքում` կրկնակի:

Ծրագրի իրավախորհրդատու, փաստաբան Մարիամ Զադոյանը խոսեց կանանց մասնակցության իրավական կարգավորումներից, նա ներկայացրեց միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև մասնակցության ապահովման ազգային և միջազգային իրավական ակտերը. «Թեև ՀՀ օրենսդրությամբ ամրագրված են ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականությունների բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով նախատեսված սեռով պայմանավորված խտրականության արգելքները` աշխատանքի ընդունման չափորոշիչների, վարձատրության, աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ, սակայն պրակտիկայում վերջիններս հաճախ ոտնահարվում են գործատուների կողմից»,- ընդգծեց Մարամ Զադոյանը:

Այնուհետև նա անդրադարձ կատարեց կանանց մասնակցության ապահովող օրենսդրական դրույթներին` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունում, ինչպես նաև առկա հիմնախնդիրներին` ՏԻՄ-երում և բիզնես ընկերությունների խորհուրդներում:

Ուսուցումն այսքանով չավարտվեց, ծավալվեց արդյունավետ քննարկում, որի ընթացքում Լոռու մարզի ՔՀԿ ու ՏԻՄ ներկայացուցիչները անդրադարձան մարզում կանանց իրավունքների խնդիրներին, կիսվեցին փորձով, ստացան սպառիչ պատասխաններ` առաջացած խնդիրները լուծելու համար:

Բացի այդ, սեմինարի շրջանակներում նրանք դիտեցին ոլորտային խնդիրների մասին պատմող ռեպորտաժներ և տեսահարցումներ, կատարեցին խմբային աշխատանքներ:

«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում Երևանում և ՀՀ 4 մարզերում 2015 թվականի մայիսի 1-ից քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կանանց իրավունքների վերաբերյալ:

Գ.Թ.
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել