Մորաքրոջ ավտոմեքենայով մահվան ելքով վրաերթի համար ամբաստանյալի աթոռին է հայտնվել

23-ամյա տղան ամբաստնյալի աթոռին է հայտնվել մորաքրոջ ավտոմեքենայով ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու և մահվան ելքով վրաերթ անելու համար: Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վարդան Ստեփանյանի նախագահությամբ:

Համաձայն մեղադրական եզրակացության` Ն. Կ-ն երաժշտություն լսելու նպատակով 2014 թվականի հոկտեմբերի 13-ին ժամը22.00-ի սահմաններում մորաքրոջը խնդրել է տրամադրել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի բանալիները: Հետո ընկերոջ հետ նստել է նշված ավտոմեքենան  և, չունենալով վարորդական իրավունքի վկայական, նշված ավտոմեքենայով ընկերոջ հետ միասին սկսել են շրջել Չարենցավան քաղաքում:

Արդեն ժամը 23.15-ի սահմաններում ավտոմեքենայով ընթացել է Չարենցավան քաղաքի Երիտասարդության փողոցով դեպի Չարենցավանի բժշկական կենտրոնի ուղղությամբ:Հասնելով Երիտասարդությա -Տերվիշյան փողոցները հատող խաչմերուկին, փողոցի՝ լուսավորված, եղանակի՝ պարզ, ճանապարհի՝ ասֆալտապատ և չոր լինելու պայմաններում ճանապարհի երթևեկելի աջ հատվածով ավտոմեքենան վարել է տվյալ պայմանների համար թույլատրելի առավելագույնը գերազանցող 103.5 կմ/ժ արագությամբ, իրականացրել ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկության:

Նկատելով ճանապարհի աջ կողմում կանգնած «Միտսուբիշի էյրտեկ» մակնիշի  ավտոմեքենան և անվտանգ շրջանացելու հնարավորություն ունենալու պայմաններում, իր կողմից վարած ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս, տեխնիկապես ստեղծել վթարային իրադրություն և թույլ տվել ՃԵԿ-ի 65-րդ և 67-րդ կետերի և Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:

Դրա հետևանքով ավտոմեքենայի դիմացի հատվածով վրաերթի է ենթարկել ճանապարհի ձախ կողմից դեպի «Միտսուբիշի էյրտեկ» մակնիշի ավտոմեքենան գնացող հետիոտն Արարատ Նազարբեկյանին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը:

Այուհետև իր կողմից վարած ավտոմեքենայի առջևի աջ մասով բախվել է հանդիպակաց ուղեմասով ընթացող «Նիսսան Իքս-Տրայլ մակնիշի» ավտոմեքնայի հետևի աջ անվադողին, որի հետևանքով նշված ավտոմեքենան շրջվել է տանիքի վրա և կանգ առել, իսկ «Օպել Աստրան»շարունակելով երթևեկությունը և անցնելով որոշ տարածություն՝ կանգ է առել հանդիպակաց ուղեմասում, դիմացի հատվածով դեպի Չարենցավան բժշկական կենտրոնի ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել