Չծխել
ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մասնաշենքի տարածքում (այդ թվում՝ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում) ծխելն արգելվում է: Ըստ կառավարությունից ստացված գրության, այս մասին է վկայում «Հայաստանի հանրապետության կառավարության աշխատակազմում ծխելն սահմանափակելու մասին» թիվ 317-Լ հրամանը:
Կա 3 բացառություն, ծխել կարելի է.
1. միայն ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մասնաշենքի ներքին բակում՝ դրա համար հատուկ հատկացված վայրերում,
2. միայն անհատական (երբ աշխատանքային սենյակում գտնվում է մեկ անձ) փակ աշխատանքային սենյակում.
3. ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի զբաղեցրած տարածքում կարգավարների սենյակի դիմացը գտնվող տաղավարում:
Ընդ որում 2-րդ և 3-րդ ենթակետերը կիրառելի են, եթե հաշվի է առնվել չծխողների նախապատվությունը, որպեսզի ծխողները չխանգարեն նրանց: Սահմանվել է, որ հրամանի պահանջների խախտումը դիտվում է որպես աշխատանքային կարգապահության խախտում և առաջացնում է օրենսդրությամբ նախատեսված կարգապահական պատասխանատվություն, բացի այդ նաև վարչական պատասխանատվություն է նախատեսված:
Վարչական պատասխանատվության մասին. փոքր տուգանքներ, մեծ խնդիր՝ օրինականության ապահովում
ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ ծխելը, բացառությամբ ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, այսինքն՝ 5000 ՀՀ դրամով: Իրավաբան.net-ի տեսախցիկը 2015թ.-ի ընթացքում մեկ անգամ չէ, որ նկարահանել է ծխող նախարարներին, փորձենք հասկանալ, թե ընդհանուր վերցրած որքան գումար պետք է բյուջե գանձվի նրանցից՝ որպես տուգանք: Այսպես՝
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին մեր տեսախցիկը ծխելիս ֆիքսել է 2 անգամ, նա պետք է տուգանվի 10 հազար ՀՀ դրամի չափով: (Ձախ կողմի լուսանկարն արվել է փետրվարի 26-ի կառավարության նիստին, աջինը՝ մայիսի 7-ին, Երևան)
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին նույնպես ֆիքսել ենք երկու անգամ ծխելիս, տուգանքը նույնն է՝ 10 հազար դրամ: (Ձախ կողմի լուսանկարն արվել է ապրիլի 22-ի կառավարության նիստին, աջինը՝ փետրվարի 10-ի կառավարության նիստից է, Երևան)
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը վարչական իրավախախտումների օրենսգիրքը խախտել է 4 անգամ, համենայն դեպս այդքան է մեր տեսախցիկը ֆիքսել նրան ծխելիս, այնպես որ պարոն Բեգլարյանը պետք է տուգանվի 20 հազար ՀՀ դրամի չափով (ձախից վերևի լուսանկարն արվել է մարտի 5-ի նիստին, աջից վերևի լուսանկարը փետրվարի 19-ի կառավարության նիստին է արվել, ձախից ներքևինը ապրիլի 2-ին, աջից ներքևի լուսանկարն արվել է ապրիլի 9-ի կառավարության նիստին, Երևան):
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նույնպես կառավարության նիստերի դահլիճ մտնելուց առաջ ծխել սիրող նախարարների շարքին է դասվում: Նա կտուգանվի 20 հազար ՀՀ դրամով (Ձախից վերևի լուսանկարն արվել է մարտի 10-ին, աջից վերևինը ապրիլի 2-ին, ձախից ներքևինը ապրիլի 16-ին, աջից ներքևինը ապրիլի 22-ին, Երևան):
Երևանի քաղաքապետը՝ Տարոն Մարգարյանը նիստից առաջ ծխում է ու զրուցում նախարարների հետ: 20 հազար դրամ, այսքան տուգանք է նրան սպասվում (Ձախից վերևի լուսակարը ապրիլի 2-ին է արվել, աջից վերևինը՝ ապրիլի 9-ին, ձախից ներքևինը՝ փետրվարի 19-ի կառավարության նիստին, աջից ներքևինը մայիսի 7-ին, Երևան):
Մանվել Բադալյան՝ Քաղծառայության խորհրդի նախագահը, նույնպես սիրում է ծխել արգելված վայրում: Նա պետք է տուգանվի 10 հազար ՀՀ դրամով:(ձախից վերևի լուսանկարն արվել է մայիսի 7-ին, աջից վերևինը՝ ապրիլի 9-ին, Երևան):
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ֆիքսել ենք մեկ անգամ, այնպես որ՝ նա պետք է տուգանվի 5000 ՀՀ դրամի չափով (լուսանկարն արվել է փետրվարի 19-ի կառավարությա նիստին, Երևան):
Ի դեպ, նույն արարքն այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Կարծում ենք այստեղ պետք է նկատի ունենալ մեկ հանգամանք՝ օրենքի առջև բոլորը հավասար են:
Նկատողությունից մինչև աշխատանքից հեռացում
Ինչպես վերը արդեն նշել էինք այս արարքը կարգապահական խախտումների շարքին է դասվում: ՀՀ աշխատանքային օրենսգիրքը 223-րդ հոդվածով սահմանում է, որ աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերի հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծում:
2. Առանձին կատեգորիայի աշխատողների համար օրենքով կարող են սահմանվել նաև կարգապահական այլ տույժեր:
113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն էլ հստակեցնում է, որ աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում՝ գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծարել:
Շարունակելի…
Գ.Թ.