Երկու օրից կավարտվի ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով ապրիլի 28-ից հայտարարված մրցույթը, սակայն որևէ ՀԿ հայտ դեռ չի ներկայացրել կառավարության աշխատակազմ: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեց ՀՀ կառավարության աշխատակազմից Մարինե Թովմասյանը, ով հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձն է:
Նա փոխանցեց, որ վերջին 3 օրվա ընթացքում ևս երկու ՀԿ ներկայացուցիչ զանգահարել են ու լրացուցիչ ինֆորմացիա ստացել: Մարինե Թովմասյանի խոսքերով՝ առ այսօր զանգահարել են մի քանի ՀԿ-ներ, նա թվեարկեց մի քանիսի անունները: Հետաքրքրվող ՀԿ-ներից են՝ Արցախ հայրենակցական միությունը, Սպառողների ասոցիացիան, Համահայկական ծնողական կոմիտեն:
Նշենք, որ այս խորհրդում ընդգրկվելու համար անցկացվող մրցույթին մասնակցելուց հրաժարվել է 70-ից ավելի ՀԿ-ի միավորմամբ ստեղծված հակակոռուպցիոն կոալիցիան, ինչպես նաև շուրջ 150 ՀԿ-ից կազմված Պետական կառույցների հետ համագործակցության Հանրային ցանցը` հանդես գալով համապատասխան հայտարարությամբ, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում (ECOSOC) հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դաշինքը, իսկ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ն, որի մասնակցել է հակակոռուպցիոն ռազմավարության հայեցակարգի մշակմանը, նախընտրում է մնալ դիտորդի կարգավիճակում: