Ոչ մի ՀԿ դեռևս չի դիմել Հակակառուպցիոն խորհրդի մրցույթին մասնակցելու համար

Այս պահի դրությամբ ոչ մի հասարակական կազմակերպություն չի դիմել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ մասնակցելու հակակոռուպցիոն խորհրդի մրցույթին:

Հիշեցնենք, որ ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով ապրիլի 28-ից մրցույթ է հայտարարվել հասարակական կազմակերպությունների համար:

ՀՀ կառավարության աշխատակազմից Մարինե Թովմասյանը, ով հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձն է Իրավաբան.net-ին հաղորդեց, որ այս պահին որևէ հայտ չկա. «Բայց հեռախոսազանգերով 2-3 ՀԿ արդեն դիմել են լրացուցիչ ինֆորմացիա ստանալու համար»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ այս խորհրդում ընդգրկվելու համար անցկացվող մրցույթին մասնակցելուց հրաժարվել է 70-ից ավելի ՀԿ-ի միավորմամբ ստեղծված հակակոռուպցիոն կոալիցիան, ինչպես նաև շուրջ 150 ՀԿ-ից կազմված Պետական կառույցների հետ համագործակցության Հանրային ցանցը` հանդես գալով համապատասխան հայտարարությամբ, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում (ECOSOC) հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դաշինքը, իսկ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ն, որի մասնակցել է հակակոռուպցիոն ռազմավարության հայեցակարգի մշակմանը, նախընտրում է մնալ դիտորդի կարգավիճակում:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ