Գուցե մենք չենք էլ համապատասխանում այդ չափանիշներին. Գևորգ Տեր-Գաբրիելյանը հակակոռուպցիոն խորհրդի մրցույթի մասին

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանի խոսքերով հիմնադրամում դեռևս քննարկման չի դրվել Հակակոռուպցիոն խորհրդում ընդգրկվելու մրցույթին մասնակցությունը:

Պարոն Տեր-Գաբրիելյանն Իրավաբան.net-ին փոխանցեց. «Նախորդ փուլերին, եթե եղել է այդպիսի խորհուրդ, մենք չենք մասնակցել: Մենք այնքան օրակարգեր ունենք, որ դիմելը մեզ համար առաջնահերթություն չէ, կարող է ուղղակի չհասցնենք: Գուցե մենք չենք էլ համապատասխանում այդ չափանիշներին, որովհետև պահանջվում է նախորդ 5 տարվա մեջ հակակոռուպցիոն ծրագրեր ունենալ, մեզ մոտ եղել են, սակայն շատ փոքր և չգիտեմ՝ համապատասխանում ենք, թե՝ ոչ»:

Համենայն դեպս, պարոն Տեր-Գաբրիելյանը շեշտեց, որ առանց այդ էլ համագործակցում է Արդարդատության նախարարության հետ. «Հենց հակակոռուպցիոն հիմնահարցերի վերաբերյալ լավ ենք համագործակցում արդարադատության նախարարության հետ: Ինձ թվում է, որ պարտադիր չէ խորհրդում լինենք: Մեր համագործակցությունը դրանից չէ կախված, այն կախված է մեր ընդհանուր ծրագրերի դիրքորոշումներից»,- ասաց մեր զրուցակիցը:

Ի դեպ, մրցույթը սահմանված է միայն Հասարակական կազմակերպությունների համար, հիմնադրամներին առնչվող դրույթ չկա:

Ընդգծենք, որ այս խորհրդում ընդգրկվելու համար անցկացվող մրցույթին մասնակցելուց հրաժարվել է 70-ից ավելի ՀԿ-ի միավորմամբ ստեղծված հակակոռուպցիոն կոալիցիան, ինչպես նաև շուրջ 150 ՀԿ-ից կազմված Պետական կառույցների հետ համագործակցության Հանրային ցանցը` հանդես գալով համապատասխան հայտարարությամբ, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում (ECOSOC) հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դաշինքը, իսկ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ն, որի մասնակցել է հակակոռուպցիոն ռազմավարության հայեցակարգի մշակմանը, նախընտրում է մնալ դիտորդի կարգավիճակում: Իրենց բացասական դիրքորոշում ունի նաև պատմաբան, քաղաքագետ Միքայել Զոլյանը և «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի ծրագրերի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը գտնում է, որ հակակոռուպցիոն խորհրդում շահերի բախում կա:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ