«Բոյկոտն էլ է պայքարի ձև». Հովհաննես Մանուկյան

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ցավում է, որ հանրային սեկտորի բավականին զգալի հատված ձեռնպահ է մնացել՝ մասնակցելու Հակակոռոպցիոն խորհրդի մրցույթին՝ ՀԿ-ների համար:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով Իրավաբան.net-ի հարցին, պարոն Մանուկյանն ասաց. «Ես կուզենայի, իհարկե, որ այդ սեկտորը ևս շահագրգիռ լիներ մասնակցելու, որովհետև այնտեղ կան բավականին բանիմաց մարդիկ և կազմակերպություններ, որոնք փորձառնություն ունեն այս ոլորտում, բայց ինչ արած, կարգը սա է: Բոյկոտելն էլ է պայքարի ձև»,- ասաց նախարարը:

Նշենք, որ խորհրդում պետք է ընդգրկվեն նաև ԱԺ ընդդիմադիր 5 խմբակցություններից անդամներ, այս հարցին անդրադառնալով Հովհաննես Մանուկյանն ասաց. «Կան մասնակցողներ և կան մերժողներ», այնուհետև շտկեց ասածը՝ «մերժող»:

Պարոն Մանուկյանը չպատասխանեց մեր ճշտող հարցին, թե կոնկրետ որ խմբակցություններն են մասնակցում, ու որը՝ ոչ:

Ընդգծենք, որ այս խորհրդում ընդգրկվելու համար անցկացվող մրցույթին մասնակցելուց հրաժարվել է 70-ից ավելի ՀԿ-ի միավորմամբ ստեղծված հակակոռուպցիոն կոալիցիան, ինչպես նաև շուրջ 150 ՀԿ-ից կազմված Պետական կառույցների հետ համագործակցության Հանրային ցանցը` հանդես գալով համապատասխան հայտարարությամբ, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում (ECOSOC) հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դաշինքը, իսկ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ն, որի մասնակցել է հակակոռուպցիոն ռազմավարության հայեցակարգի մշակմանը, նախընտրում է մնալ դիտորդի կարգավիճակում:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ