«Վիրավորանքը և զրպարտությունը պետք է վերադարձվի քրեական օրենսգիրք». իրավաբան

Եթե վիրավորողը և զրպարտողն իմանար, որ դրա համար իրեն քրեական պատասխանատվություն է սպառնում, նման բան չէր անի: Այս կարծիքին է «Ստեփանս սան» իրավաբանական ընկերության տնօրեն Արսեն Մկրտչյանը, ում դեմ այս պահին դատախազություն բողոք է ներկայացվել: Իրավաբանը բողոքի բովանդակությունն իր անձին ուղղված զրպարտություն է համարում և նշում, որ փաստերի բացակայության պատճառով՝ գործը կարճվելու է, սակայն ո˚վ է պատասխան տալու իր կորցրած ժամանակի, քայքայված նյարդերի, ծախսած նյութական միջոցների համար:

.
– Վիրավորանքը և զրպարտությունը պետք է վերադարձվի քրեական օրենսգիրք, ինչպես դա արեց Ռուսաստանը: Մեր պաշտոնյաները շատ են սիրում կրկնել, որ այն Եվրոխորհրդի պահանջն է: Իրականում դա քողարկված է, քանի որ դրանով մարդիկ մտածում են, որ իրենց գրանտ կտան: Իսկ իրականում, պետության շահերից ելնելով, օրենքները պետք է ընդունվեն այնպես, որ հայաստանյան հասարակության համար օգտակար և կիրառելի լինեն:
Մենք այսօր ունենք հայտնի շատ մարդիկ, ովքեր տեղի- անտեղի, օրինակ, արվամոլության մեջ են մեղադրվում: Իսկ հրապարակողները մնում են անպատիժ: Եթե նրանք իմանային, որ դրա համար քրեական պատասխանատվության են ենթարկվելու, չէին հրապարակի:
Երբ մեր երկրում նվազագույն աշխատավարձը 32.500 դրամն է, երբ մենք չունենք ապրելու եվրոպական կենսամակարդակ, մենք ուզում ենք ունենալ եվրոպական օրենքներ: Զրպարտությունն առավել ևս պետք է քրեականացվի: Բայց կարծում եմ դրա համար ժամանակ է պետք:

.

-Ինչպես արդեն նշեցիք, Ռուսաստանը ևս ապաքրեականացրել էր վիրավորանքը և զրպարտությունը, սակայն վերջերս զրպարտությունը կրկին քրեականացրել է, իսկ վիրավորանքը հանցագործություն է համարել միայն այն դեպքերում, եթե այն դրսևորվել է պետական պաշտոնյայի և զինվորականի նկատմամբ: Ինչպե˚ս կմեկնաբանեք:
-Այո, նրանք չվախեցան Եվրոպայի առջև հետամնաց թվալուց: Կարծում եմ, այդուամենայնիվ, մեզ համար օրինակը պետք է լինենք մենք, և պետք է քրեականացնենք առանց վերապահումների:

.

-Համաձայն Վճռաբեկ դատարանի որոշման` կոնկրետ արտահայտությունը վիրավորանք գնահատելու համար այն պետք է կատարված լինի հրապարակային ձևով` ԶԼՄ-ների, համացանցի, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով: Այսինքն` երբ վիրավորողն ու վիրավորվողը երկուսով են, ապա վիրավորվողի համար պատվի և արժանապատվության հարց չի˚ առաջացնում:
-Միանշանակ, առաջանում է: Մենք այս պահին ունենք հարուցված քրեական գործ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Մասիս» կայարանի նախկին պետն իր ենթակային վիրավորանք հասցնելու պատճառով է հարուցվել, և քրեական դատավարության կարգով քննվում է: Այս գործում նշվում է, որ պետն աշխատողին վիրավորանք է հասցրել, երբ սենյակում երկուսից բացի ոչ ոք ներկա չի եղել: Աշխատողն էլ պետին ծեծել է, վնաս է հասցրել: Ստացվում է, որ նա հարվածելու համար պետք է պատասխանատվություն կրի, իսկ իրեն ուղղված սեռական բնույթի հայհոյանքի համար, որը տվյալ պարագայում անապացուցելի է, վիրավորողը պատասխանատվության չի ենթարկվելու:
Ես այն կարծիքին եմ, որ Վճռաբեկն այս որոշումը կայացնելիս մի քիչ շտապել է: Եթե մարդուն վիրավորում և զրպարտում են, և դա տեղի չի ունենում հրապարակային, դա դեռ չի նշանակում, որ մարդու արժանապատվությունը դադարում է գոյություն ունենալ:

.

-Վիրավորանքի և զրպարտության դեպքով ամենաբարձր փոխհատուցման պահանջը փաստաբան Արթուր Գրիգորյանի կողմից ներկայացված 18 մլն դրամի պահանջն է, իսկ ամենացածրը` Լոռվա մարզի Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյաին կողմից 1 լումայի փոխհատուցման պահանջը: Որքանո˚վ եք ճիշտ համարում օրենսդիրի այն մոտեցումը համաձայն որի` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում փոխհատուցման չափը որոշելիս հաշվի առնել պատասխանողի գույքային դրությունը՝ ելնելով մարդասիրության սկզբունքից:
-Փաստորեն, ստացվում է, որ մենք ի սկզբանե դնում ենք անհավասար պայմաններ: Այս տրամաբանությամբ դուրս է գալիս, որ կարիքի մեջ ապրող քաղաքացին կարող է վիրավորել և զրպարտել՝ մտածելով, որ, իր գույքային վիճակը հաշվի առնելով, նյութական հատուցումը շատ ցածր կլինի: Մինչդեռ մեր իրականությունում բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ իրենց իրական ունեցվածը գրանցում են բարեկամների, մերձավորների, անգամ ընկերների անունով: Մենք ունենք միլիոնատերեր, որոնք այսօրվա դրությամբ իրենց անունով ոչ մի գույք չունեն գրանցած, ուրեմն այդ մարդիկ կարո˚ղ են վիրավորանք հասցնեն աջ ու ձախ: Բոլորին պետք է մոտենալ միատեսակ, պետք է գործի Սահմանադրական և Եվրոպական կոնվենցիայով ամրագրվածը՝ օրենքի առաջ բոլորը հավասար են:
Դա նույն բանն է, որ ասենք՝ հոծ գիծը հատելու համար չունևոր քաղաքացին վճարի 1000 դրամ, իսկ ունևորը՝ 30.000 դրամ:

.
-Հետաքրքիր է, որ ՍԴ-ի 997 որոշման մեջ էլ նշվում է, որ գույքային դրությունը հաշվի առնելու պահանջը բխում է լրատվամիջոցներին անհարկի ճնշումներից զերծ պահելու և այդպիսով լրատվամիջոցների միջոցով հանրության համար անհրաժեշտ տեղեկատվության ազատ հոսքը պաշտպանելու, այլ ոչ թե մարդասիրության սկզբունքից: Արդյո˚ք լրատվամիջոցները, լինելով հասարակական կարծիք ձևավորողներ, առավել զգույշ չպետք է լինեն վիրավորանք և զրպարտություն պարունակող նյութեր հրապարակելուց, և նմանատիպ դեպքերը միշտ չպայմանավորեն գերակա հանրային շահով:

-Կարծում եմ՝ լրատվամիջոցների մասով պետք է հատուկ մեկ ուղղում մտցնել, որ այն լրատվամիջոցները, որոնք հրապարակում են իրենց սկզբնաղբյուրն ի սկզբանե ազատված լինեն որևիցե պատասխանատվությունից, քանի որ ստացվում է, որ լրատվամիջոցները հայտնում են իրենց հասած տեղեկատվությունները: Լրատվամիջոցները չպետք է կրեն պարտավորություններ՝ տալ գնահատականներ, թե ասվածը վիրավորանք է, թե՝ ոչ: Իհարկե, ոչ այն դեպքերում, երբ լրատվամիջոցն ասում է «մեզ հայտնի աղբյուրի փոխանցմամբ», «մեզ հասած տեղեկություններ» և չի բացահայտում սկզբնաղբյուրը, կարծում եմ, այս դեպքերում արտոնություններ չպետք է տրվեն լրատվամիջոցներին:

.

-Բավականին երկար ժամանակ սոցիալիստական հասարակությունում բարոյական վնասն ընդհանրապես հատուցման ենթակա չի եղել: Դրա հիմնավորման հիմքում դրված է եղել այն փաստարկը, որ խորհրդային մարդու անհատականությունը գտնվում է այնքան անհասանելի բարձունքի վրա, որ նրան ոչ մի կերպ չի կարելի դրամական գնահատական տալ: Ի˚նչն է խանգարում մեզ այսօր ունենալ բարոյական վնասի դրամական փոխհատուցման վերաբերյալ իրավական ակտ:

-Ոչինչ չի խանգարոմ: Ամոթ է, որ չունենք: Ո˚վ է ասել, որ բարոյականությունը չի կարող դրամական արտահայտություն ունենալ: Օրինակ, քաղաքացիական օրենսգրքի մեջ մենք ունենք, որ պարտադիր չի վնասը փաստացի պատճառված լինի և հատուցելի լինի: Այս դեպքի համար կարելի է ֆիքսված գումարային չափեր սահմանել, սանդղակներ դուրս բերել՝ կապված անձնական կյանքի, տնտեսական գործունեության և այլնի հետ:

.

-Եթե լրատվամիջոցը հրապարակում է իրավաբանական անձ չհանդիսացող միավորման տեղեկատվությունը կամ հայտարարությունը, ապա պատասխանատվությունը կրում է լրատվամիջոցը: ՎԴ-ի այս նորմատիվ ակտի սահմանմամբ` լրատվամիջոցներն այլևս չեն կարողանա օգտվել նաև «Չենք լռելու»-ի տարածած նյութերից, քանի որ նախաձեռնությունը գրանցված չէ որպես իրավաբանական անձ, չկան նախաձեռնության անունից գործող բացահայտված ֆիզիկական անձեր: Այդ պարագայում վիրավորանք և զրպարտություն տարածելու դեպքում հարց է առաջանալու` ո˚վ է պատասխանատվություն կրելու նշված իրավիճակում: Ինչպիսի˚ն է Ձեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ:
-Եթե լրատվամիջոցը հղում է կատարել ֆեսյբուքյան էջին օրով, ժամով, պետք է ազատվի որևէ պատասխանատվությունից, քանի որ այն իրենը չի այլ վերարտադրում է այն, ինչ լսել է: Այսինքն, «Ֆեյսբուքն» էլ է սկզբնաղբյուր, որին կարելի է հղում կատարել:
Ֆեյսբուքյան ցանկացած նախաձեռնության անանուն լինելը չպետք է հիմք հանդիսանա, որ քաղաքացու իրավունքները չպաշտպանվի պետության կողմից: Թող պետությունը մտածի ինչպես վերահսկել: Չէ որ մենք ունենք նախադեպեր, երբ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը հասցրած վիրավորանքների և սպառնլիքների արդյուքնում մարդիկ դատապարտվել են: Ինչի˚ նույնը չի կարելի է անել «Ֆեյսբուքի» համար: Դրա հնարավորությունը կա: Կան միջոցներ, որոնցով կարելի է իմանալ վիրավորանք հասցրած մարդու ինքնությունը:
Իհարկե, կլինեն դեպքեր, որոնք չեն բացահայտվի, բայց եթե նման տրամաբանությամբ գնանք, բազմիցս դեպքեր են լինում, երբ չեն բացահայտվում գողությունները, հանցագործությունները: Բայց պետք է պայքարել չէ˚:

.

Նունե Հովսեփյան

Աղբյուրը` Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել