Հայերի բնաջնջումը պատժելի է եղել 20-րդ դարի միջազգային իրավունքով. Եղիշե Կիրակոսյան

Ցեղասպանության փաստի ճանաչումը մի շարք պետությունների կողմից իրավական առումով անմիջական հետևանք չի առաջացնում. Որպես ածանցյալ հետևանք կարող է լինել այն, որ տվյալ երկները քրեականացնում են ցեղասպանության ժխտումը: Իրավաբան.net-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ մի շարք պետությունների կողմից Ցեղասպանության ընդունումը գլխավորապես քաղաքական էֆեկտ կարող է ունենալ:

Ե. Կիրակոսյանի խոսքով, միջազգային իրավական աղբյուրները բավարար են իրավական առումով Ցեղասպանության համար պատասխանտվության հարցը բարձրացնելու համար. «Այն հանգամանքը, որ խոսում ենք 19–րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների մասին, բոլորովին չի նշանակում, որ այն ժամանակ միջազգային իրավունքը չեր արգելում ցեղասպանությունը: Նաև Օսմանյան կայսրությունը բազմաթիվ պարտավորություններ ուներ, որոնց հիմքով էլ կարող ենք վստահ փաստել, որ ակնհայտ իրավունքի խախտում է տեղի ունեցել, և պետք է պատասխանատվություն կրի»:

Եղիշե Կիրակոսյանը անդրադարձավ նաև միջազգային իրավական հարթակներին, որտեղ կարող են բարձրաձայնվել Ցեղասպանության համար պատասխանատվության հարցը: Նրա խոսքով, հիմնական ատյանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն է, սակայն այնտեղ հասնելու ճանապարհը բարդ է, քանի որ գործի քննությունը սկսելու համար պետք է երկու պետությունների, տվյալ դեպքում Թուրքիայի և Հայաստանի համաձայնությունը:

Մյուս ատյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է. Ցեղասպանության հետևանքով ունեզրկման և այլ վնասների մասով փոխահատուցում ստանալ կարող են նաև անհատներն ու իրավաբանական անձիք, ովքեր ներկայացնում են նրանց շահերը: Այս դեպքում պետք է ունեզրկման մասին վկայող ապացույցներն ուսումնասիրել և համակարգել, այնուհետև փոխահատուցման պահանջը ներկայացնել Թուրքիայի դատարանում, և միայն ներպետական ատյանները սպառելուց հետո հնարավոր կլինի դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել