Անցած տարվա ամռանը «Ժառանգության» վարչության անդամ, լրագրող Հրայր Մանուկյանը հայտարարել էր, որ Ազգային անվտանգության աշխատակից ներկայացած Վլադ Հակոբյան անունով անձը մի քանի հանդիպումների ժամանակ փորձել էր իրեն «վերբովկա» անել` առաջարկել ԱԱԾ-ի հետ համագործակցել: Սակայն մերժում ստանալուց հետո սպառնացել էր, թե մերժումը բացասական հետևանքներ կունենա թե իր, թե «Ժառանգություն» կուսակցության համար:
Դեպքից հետո` հունիսի 8-ին Հարյարը դիմել էր դատախազություն` հաղորդելով հանցագործության մասին: Նա դիմումին կցել նաև իր և ԱԱԾ աշխատակից ներկայացած Վլադի հետ ունեցած զրույցների գաղտնի ձայնագրությունը, որն, ի դեպ, հրապարակվել և տարածվել էր համացանցում:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Հրայր Մանուկյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը հայտնեց, որ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչությունից գրություն է ստացվել, որ հաղորդումը հանցագործության հատկանիշներ չի պարունակում:
Քրեական գործ հարուցել մերժելու մասին որոշումը բողոքարկել են դատարանում և առաջին ատյանի դատարանը մերժել է բողոքը` պատճառաբանելով, որ հաղորդման մեջ միայն Հրայր Մանուկյանի ենթադրություններն են և չկա որևէ տեղեկություն` կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող, նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին, ինչն անհրաժեշտ պայման է, որպեսզի ներկայացված տեղեկությունները համարվեն հանցագործության մասին հաղորդում:
Ռոբերտ Ռևազյանը հայտնեց նաև, որ առաջին ատյանի այս որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարանում, սակայն դեռևս որևէ նորություն չկա վարույթ ընդունվելու, նիստ նշանակվելու մասին: