Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանը նոր օրինագիծ է ներկայացրել ԱԺ, որով առաջարկում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը փոփոխությունների ենթարկել և հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցակացումն վերապահել նաև ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությանը:
Հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ այդպիսի գործառույթ ունի միայն Ազգային անվտանգության ծառայությունը:
Գործող օրենքով նախատեսված է նաև, որ գլխավոր վարչության անմիջական ղեկավարումն իրականացնում է վարչության պետը, որին նշանակում է վարչապետը՝ ԱԱԾ տնօրենի ներկայացմամբ: Նախագծով նախատեսվում է սակայն, որ վարչության պետը պետք է ներկայացվի ինչպես ԱԱԾ տնօրենի, այնպես էլ ոստիկանության պետի կողմից: Այս դեպքում էլ գլխավոր վարչության ընդհանուր ղեկավարումն իրենց համակարգերում իրականացնել են ազգային անվտանգության ծառայության տնօրենը և ոստիկանության պետը:
Նախագծով նախատեսվում է նաև, որ ազգային անվտանգության ծառայության տնօրենը և ոստիկանության պետը յուրաքանչյուրն իր համակարգի մասով հաջորդ տարվա հունվարի 31-ից ոչ ուշ վարչապետին տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնեն:
Նախագծի հիմնավորման մեջ պատգամավորը նշել է, որ գործող օրենսդրությամբ քրեական օրենսգրքի շուրջ 80 տոկոսը կազմող հանցագործությունների բացահայտման նպատակով ոստիկանությանը վերապահված է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավունք, որոնց անհետաձգելիությունից ու օպերատիվությունից շատ հաճախ կախված է հանցագործության բացահայտման հնարավորությունը: Ընդ որում՝ ՀԽՎ(հեռախոսային խոսակցությունների վերահսկում)-ի իրականացումը վերապահված է խիստ սահմանափակ մարմինների (ԱԱԾ, Ոստիկանություն, Քրեակատարողական հիմնարկներ):
«Որոշակիության սկզբունքի ապահովման նկատառումներից ելնելով նախատեսվում է նաև խմբագրել օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ահաբեկչության կատարման կամ ՀՀ պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանն սպառնացող իրադարձությունների կամ գործողությունների փոխարեն նախատեսելով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների կատարմանը հանգեցնելու դեպքերում անհետաձգելի ՀԽՎ իրականացնելու հնարավորություն՝ 48 ժամվա ընթացքում դատարանի թույլտվությունը ստանալու պայմանով»,-նշել է Արմեն Խաչատրյանը և հավելել, որ ոստիկանության կողմից սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացման դեպքում կխնայվի ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու և կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը, հատկապես անհետաձգելի դեպքերում, կբարձրանա հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ–հետախուզական միջոցառման արդյունավետությունը, ինչը կնպաստի հանցագործությունների առավել արագ, օպերատիվ բացահայտմանը, կերաշխավորվի մարդու անձնական կյանքին միջամտության որոշակիությունը:
Եվգենյա Համբարձումյան