Զինծառոյողը կարող է ընդգրկվել մարտական հերթապահության մեջ, եթե նման ցանկություն է հայտնել. պատգամավորների առաջարկը կմերժվի կառավարության կողմից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի պատգամավորներ  Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Էդուարդ Բաբայանը, Գևորգ Պետրոսյանը առաջարկում են լրացում կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում։

Պատգամավորները առաջարկում են օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել 6-րդ կետով և սահմանել, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահության մեջ չի կարող ընդգրկվել նաև այն զինծառայողը, որի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու մեկ տարին չի լրացել:

Սակայն պաշտպանության նախարարությունը առաջարկում է կառավարությանը գործող հոդվածը թողնել անփոփոխ հետևյալ հիմնա­վոր­մամբ.

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինծառայողների պատրաստվա­ծու­թյան գործընթացն իրականացվում է ուսումնական փուլերով, որի շրջանակներում Հա­յաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով հաստատված մար­տա­կան պատրաստության ծրագրով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայու-թյան առաջին հինգ ամիսների ընթացքում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողի համապատասխան պատրաստության և զինվորական մասնագիտության ուսուցման, ստորաբաժանման կազմում ներդաշնակման և գործելու ամբողջական ցիկլը, որի արդյունքում զինծառայողը ստանում է անհրաժեշտ պատրաստվածություն՝ մարտական հեր-թա­պահությունում ընդգրկվելու համար: Այսինքն, որևէ պարտադիր զինծառայող առանց հնգամսյա պատրաստության ծրագիրն անցնելու չի ներգրավվում մարտական հերթապա­հու­թյան մեջ: Նույն սկզբունքը գործում է նաև օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 26-րդ հոդվածի 5-րդ մասի ու դրա հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1675-Ն որոշման համաձայն «Ես եմ» ծրագրով պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման գործընթացում:

Ներկայացված նախագծի համաձայն վերը նշված ուսուցման փուլը (մարտական պատրաստության ծրագիրը) ևս յոթ ամսով երկարաձգելը կհանդիսանա ուսուցման ծրագրի չհիմնավորված ընդլայնում (ծրագրի կրկնողություն), ինչը ոչ բարենպաստ ազդեցություն կունենա թե զինվորական ծառայության կազմակերպման նպատակային գործընթացի,  և թե մարտական հերթապահություն իրականացնող զորամասի մարտական խնդրի կատարման վրա: Բացի դրանից, նախագծում հաշվի չի առնված այն հանգամանքը, որ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված է բացառություն, համաձայն որի համապատասխան զինծառոյողը կարող է ընդգրկվել մարտական հերթապահության մեջ, եթե նման ցանկություն է հայտնել: Արդյունքում կարող է ստացվել իրավիճակ, երբ մինչև սահմանված ժամկետի լրա­նա­լը, զինծառայողն իրավունք կունենա իր ցանկությամբ ներգրավվել մարտական հերթա­պա­հության, ինչը բացառված է վերը նշված ուսուցման փուլը (մարտական պատրաստության ծրագիրը) չանցած լինելու դեպքում:

Հայտնում ենք նաև, որ նախագծի ընդունման արդյունքում պետք է  համապատաս­խան փոփոխությունների ենթարկվեն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում ուսումնական փուլերը և մարտական պատրաստության ծրագրերը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանները»,-նշվել է հիմնավորման մեջ:

Մանրամասները՝ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել