Նորաստեղծ իրավաբանական ակումբը Փաստաբանների պալատը պառակատել չի կարող. Արա Զոհրաբյան

Վերջին օրերին իրավաբանական ակումբի ստեղծման մասին լուրերը մեծ աղմուկ էին բարձրացրել փաստաբանական համայնքում. նախ հայտնվեցին կարծիքներ, որ ակումբը համարվել է Փաստաբանների պալատի (ՓՊ) գործունեությունից դժգոհ փաստաբաններով, այնուհետև եղան նաև հակասական հայտարարություններ, թե ակումբը փաստաբանական համայնքը պառակտելու նպատակ չունի:

Նորաստեղծ այս ակումբի գործունեության վերաբերյալ Իրավաբան.net-ի հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասաց. «Այն կազմակերպությունները կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող միավորումները, որոնք կնպաստեն իրավունքի զարգացմանը, իրավագիտակցության բարձրացմանը կամ կօժանդակեն Փաստաբանների պալատի առջև դրված խնդիրների լուծմանը, ապա նրանց հետ Փաստաբանների պալատը կկարողնա համագործակցել»:

Ա. Զոհրաբյանը նշեց նաև, որ մի քանի անձի կողմից ակումբի ստեղծմանն ինքը վատ չի վերաբերվում: Իսկ ինչ վերաբերում է փաստաբանական պալատի պառակտմանը, Ա. Զոհրաբյանը նշեց. «ՓՊ-ն բաժանելու համար առնվազն պետք է օրենսդրական փոփոխություն, և  տասը կամ քսան հոգու  ջանքերով դա հնարավոր չէ անել: Դրա համար պետք է պետական կոնկրետ իրավասու մարմինների միջամտություն: Եվ եթե այդպիսի քաղաքականություն կա, դա արդեն այլ հարց է, և մենք, բնականաբար պետք է պայքարենք այդ քաղաքականության դեմ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել