Իրավաբանական սխալի ապահովագրման ինստիտուտը ներդնելու ուղղությամբ քայլեր են արվում. Արա Զոհրաբյան

Հասարակության կողմից փաստաբանի հանդեպ վստահությունն ամրապնդելու կարևոր ինստիտուտ է իրավաբանական սխալի ապահովագրումը: Արդեն իսկ մասնագիտական քննարկումներ ու ապահովագրական ընկերությունների հետ բանակցություններ են տարվում` այս ինստիտուտը ներդնելու ուղղությամբ. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Հիմա ապահովագրական ընկերությունների հետ այդ հարցով բանակցում ենք, ուզում ենք, որ ավելի համակարգային լինի, փորձում ենք այդ պրոդուկտը ստանալ նվազագույն գներով, որպեսզի փաստաբաններին իսկապես գայթակղի,- ասաց Ա. Զոհրաբյանը:

Այս ինստիտուտի ներդրման դեպքում, փաստաբանին դիմող անձը կիմանա, որ եթե համագործակցության ընթացքում փաստաբանը սխալվի, ապա ինքը փոխահատուցում կարող է ստանալ դրա դիմաց:

Սակայն դեռևս կան բավականին խրթին հարցեր. մասնավորապես դեռևս չի հստակեցված, թե որ դեպքում կարող է առաջացած խնդիրը որակվել իրավաբանական սխալ: Օրինակ, կա դատարանների անկանխատեսելիության հարցը և եթե գործով հաղթանակ չի եղել, դեռևս չի նշանակում, որ սխալը փաստաբանինն է, հավանական է, որ սխալը լինի դատարանինը:

«Բարդ մասնագիտական քննարկումներ են լինում, փորձում ենք գտնել «ոսկե միջինը», որը նաև հասկանալի կլինի ապահովագրական ընկերության համար»,- ասաց Ա. Զոհրաբյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել