Արդարացման դատավճիռ Շենգավիթի դատարանում

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ հրապարակվեց ինքնիրավչության գործով արդարացման դատավճիռը:

Քաղաքացի Վահե Աջամյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա գնացել էր իր քրոջ ննջասենյակ, պահարանից վերցրել ժամանակավոր օգտագործման հանձնված 180.000 ՀՀ դրամ արժողությամբ կիսամուշտակը` էական վնաս պատճառելով քրոջ օրինական շահերին:

Վահե Աջամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Ինքնիրավչությունը) առաջին մասով, այն է՝ «Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով»:

Դատարանն այսօր վճռեց ամբաստանյալին ճանաչել անպարտ և արդարացնել:

Դատավճիռը հրապարակելուց հետո դատավոր Ալեքսանդր Ազարյանը կողմերին բացատրեց դրա էությունը. «Ձեր ներկայությամբ հարցաքննվել են ամբաստանյալը, տուժողը և գործով անցնող վկաները, բացի այդ դատարանում հեռախոսահամարների վերծանումներ են ստացվել, սակայն տվյալ դատավճիռը կայացնելիս՝ դատարանը ընդհանրապես այդ ապացույցներին գնահատական չի տվել, այսինքն՝ դատարանը չի նշել, թե ում ցուցմունքներն են արժանահավատ, ումը՝ ոչ»:

Ըստ դատավորի պարզաբանման՝ առաջադրված մեղադրանքն անորոշ է. «Այն չի համապատասխանում ինչպես քրեական օրենսգրքում նախատեսված ձևին, այնպես էլ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից մի շարք նախադեպային որոշումներում մատնանշված ձևաչափին»,- ասաց պարոն Ազարյանը:

Ի դեպ, դատական տեղեկատվական համակարգում այս գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մեջ կա առնվազն 3 տառասխալ ու 2 կետադրական բացթողում: Նշենք, որ դատախազը դատավճռի հրապարակման պահին նիստերի դահլիճում չէր:

kisamushtak

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել