Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ՀՀ կառավարության նիստին հետաձգվեց Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին նախագծի քննարկումը:
Թե ինչո՞ւ հետաձգվեց նախագծի քննարկումը՝ Իրավաբան.net-ը փորձեց պարզել արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից, ով ասաց. «Բավականին շահագրգիռ քննարկումների պրոցես է անցել պրոբացիայի հարցը: Մի շարք գերատեսչություններ ունեն խնդիրներ և բնականաբար՝ ինչքան հայցեակարգի մակարդակով մենք հարցադրումներ և հարցերը ավելի լիարժեք լուծած, կարգավորած լինենք, այնքան հետագայում օրենքի նախագիծն ավելի հեշտ կլինի գրել և ԱԺ-ում այդ նախագծերն ավելի հեշտ կանցնեն»:
Պարոն Մանուկյանն ասաց, որ չնայած քննարկման փուլում հիմնական առաջարկներն ընդունվել են, սակայն որոշ խնդիրներ, այնուամենայնիվ, անլուծելի են մնացել, որոնք լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն են ստեղծել. «Այս հետաձգումը դրանով էր պայմանավորված, կարծում եմ, որ երկար չի տևի դա»,- եզրահանգեց նախարարը: