Քննարկվեց «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» կոնվենցիայի վերաբերյալ ՀՀ զեկույցը

Փետրվարի 3-ից 4-ը Ժնևում` ՄԱԿ-ի` Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի 8-րդ նստաշրջանի ընթացքում, քննարկվեց Հայաստանի Հանրապետության առաջին ազգային զեկույցը «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի իրականացման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ Ոստիկանության շտաբի պետի տեղակալ, Միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արդարադատության, արտաքին գործերի նախարարությունների և ՀՀ Ոստիկանության միջազգային համագործակցության, ինչպես նաև իրավաբանական վարչության ներկայացուցիչները:

Զեկույցի քննարկումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում: Պատվիրակության ղեկավարը ներկայացրեց զեկույցի հիմնական տարրերը, ինչպես նաև Կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ Հայաստանում իրականացված և նախատեսվող միջոցառումները:

Զեկույցի քննարկման ընթացքում ՀՀ պատվիրակությունը պատասխանեց կոմիտեի անդամների կողմից բարձրացված հարցերին` մասնավորապես ներկայացնելով քննարկվող առարկայի շուրջ ՀՀ օրենսդրության համապատասխան դրույթները: Մանրամասները կարող եք գտնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքում:

Նախքան նստաշրջանը Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացվել էին նաև գրավոր պատասխաններ առաջ քաշված հարցադրումներին: Համապատասխան հարցերի ցանկը անգլերեն լեզվով հասանելի է այստեղ: Իսկ ՀՀ ներկայացրած պատասխանները կարող եք գտնել այս հղումով:

Զեկույցի վերաբերյալ Կոմիտեի եզրակացությունների և առաջարկությունների ընդունումը տեղի կունենա ս/թ. փետրվարի 11-ին:

Տեղեկացնենք, որ «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիան վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010թ. հոկտեմբերի 5-ին: ՄԱԿ-ի` Բռնի անհետացումների կոմիտեն 10 անկախ փորձագետներից բաղկացած մարմին է, որը վերահսկում է Կոնվենցիայի իրականացումը անդամ պետությունների կողմից:

Լուսանկարը՝ mfa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել