ՌԴ-ն սկսում է արտոնագրեր տրամադրել աշխատանքային միգրանտներին

Տարվա առաջին օրվանից՝ հունվարի 12-ից, Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության բաժինները սկսում են աշխատանքային միգրանտներին աշխատանքի արտոնագրեր տրամադրել, որոնք փոխարինում են նախկին աշխատանքի թույլտվություններին։ Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել ս.թ. հունվարի 1-ից։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` այսուհետ ընկերությունները, միգրանտներին աշխատանքի կընդունեն հիմնվելով նրանց կողմից գնված աշխատանքային արտոնագրերին։ Միևնույն ժամանակ քվոտաների համակարգը չեղյալ է համարվում։ Վերանում է նաև «աշխատանքի թույլտվություն» կոչված նախկին փաստաթուղթը։

Նորամուծությունը վերաբերում է այն օտարերկրացիներին, ովքեր Ռուսատան առանց մուտքի վիզայի այցելելու իրավունք ունեն։ Սահմանը հատելիս, պոտենցիալ աշխատանքային միգրանտը պետք է միգրացիոն քարտում որպես այցելության նպատակ նշի «աշխատանք» և մուտքի օրվանից 30 օրվա ընթացքում արտոնագիր ստանալու դիմում ներկայացնի։ Այն ձևակերպցվելու է Դաշնային միգրացիոն ծառայության տարածքային ստորաբաժանումներում։

Ի՞նչ է անհրաժեշտ արտոնագիր ստանալու համար

ТАСС-ը տեղեկացնում է, որ փաստաթուղթը ստանալու համար օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են հանձնել ռուսաց լեզվի իմացության, Ռուսատանի պատմության և ռուսաստանյան օրենսդրության հիմունքների վերաբերյալ իրենց գիտելիքները հաստատող քննություն։ Նրանք նաև պետք է անցնեն սոցիալապես վտանգավոր հիվանդությունների բացակայությունը հաստատող բժշկական քննություն, ներկայացնեն կամավոր բժշկական ապահովագրության վկայական և վճարեն եկամտահարկ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել