Փաստաբան Նորայր Նորիկյանի ամանորյա հուշերը

Փաստաբան Նորայր Նորիկյանը, ավանդույթի համաձայն, այս տարի նույնպես եղբայրներով հավաքվել է հայրական տանը` ծնողներիս հետ միասին դիմավորելու Ամանորը: «Առհասարակ, այս հարցում ես ունեմ կոնսերվատիվ մոտեցում, և գտնում եմ, որ Նոր տարին, ամենից առաջ, ընտանեկան տոն է, երբ փորձում ես լիցքաթափվել ընթացիկ տարվա ծանրաբեռնվածությունից և ընտանեկան ջերմ միջավայրում փոքր ինչ հանգստություն գտնել: Թեև, մեծ հաշվով, ոչ միշտ է դա հաջողվում, քանի որ մեր ազգային սովորության համաձայն, հյուրեր ընդունելը և հյուր գնալը որոշակի «աշխույժ» ազդեցություն է թողնում նոր տարվա դիմավորման ամբողջ ընթացքի վրա»,- Իրավաբան.net-ին փոխանցեց պարոն Նորիկյանը:

Նա հավելեց, որ նոր տարվա սեղանի շուրջ ընտանիքով հիմնականում ամփոփում են անցնող տարին, վերլուծում արածն և բացթողումները ու մատնանշում այն ծրագրերն ու անելիքները, որոնք նախատեսում ենք իրականացնել գալիք տարում:

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ սովորաբար իր երկու որդիներն ամեն տարի նամակներ են գրում Ձմեռ պապիկին և խնդրում, որպեսզի նա կատարի իրենց ցանկությունները և նվերներ դնի իրենց բարձի տակ. «Ինձ համար շատ հաճելի և ոգևորիչ է, որ այս տարվա նամակներում տղաներս Ձմեռ պապիկից խնդրել էին մանկական գրքեր, որպեսզի ձմեռային արձակուրդների ժամանակ կարդան և սովորեն: Իսկ ես խոստացել էի իրենց լավ սովորելու դեպքում պլանշետ նվիրել: Փառք աստծո, տղաներս արդարացրել են իմ հույսերը, և ես կատարեցի իմ խոստումը»:

Խոսելով ամանորյա հուշերից պարոն Նորիկյանը փոխանցեց, որ առհասարակ Ամանորի հետ կապված բազմաթիվ հիշողություններ կան, սակայն երկու դեպք իսկապես տպավորվել է, և ամեն նոր տարին դիմավորելիս` պարտադիր կերպով վերհիշում են այն: «Քանի որ մենք չորս եղբայրներ ենք և ցավոք սրտի, քույր չունենք, փոքր տարիքում ինքներս էինք օգնում մայրիկին` պատրաստելու նոր տարվա սեղանը: Չեմ հիշում, թե որ տարին էր, բայց արդեն մոտենում էր ժամը 12-ը և պատրաստվում էինք նստել սեղանի շուրջ, երբ փոքր եղբայրս` Արտակը, բարձրաձայն գոռաց, թե «Ո՞նց սեղան նստենք, որ ֆստուչկեն հլը չենք բովել», և սկսեց բարձրաձայն լացել: Բառացի եմ մեջբերում նրա խոսքը, որպեսզի տպավորիչ լինի: Ինչպես այդ օրը, այնպես էլ ամեն նոր տարին դիմավորելիս մենք բոլորս հիշում և սեղան նստելուց առաջ ծիծաղելով ասում ենք. «Ո՞նց սեղան նստենք, երբ ֆստուչկեն հլը չենք բովել»,- հիշեց մեր զրուցակիցը:

Իսկ երկրորդ դեպքը խորհդանշական բնույթ ունի Նորայր Նորիկյանի համար. «90-ականների սկզբում բնակվում էինք Ապարանի շրջանի Ափնա գյուղում: Այդ տարի Ապարանում երաշտ էր եղել, և անասնակերի լուրջ խնդիր կար: Նոր տարվա առևտուրն անելիս, պարզվեց, որ բացի անասնակերից, լիմոնադի դեֆիցիդ էլ կա, և ըստ էության, հնարավոր չէ լիմոնադ գնել: Այդ «ողբերգական» տրամադրության մեջ էինք, երբ լուր ստացանք, որ հարևան գյուղում գործող խանութում լիմոնադ կա, բայց փոխանակվում է բացառապես անասնակերով: Այլ տարբերակ չունեինք. մեր սեղանին պետք է պարտադիր լիմոնադ լիներ, և այդ տարի այն ապահովվեց «խոտի տուկի» շնորհիվ»,- պատմեց փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել