Իրավաբան.net-ը մինչ այս տեղեկացրել է, որ 2014թ. դեկտեմբերի 23-ին ժամը 17:45-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից զննության է ենթարկվել նույն հիմնարկի կալանավոր Արտյոմ Պողոսյանին տեսակցության գնացած փաստաբանի ձեռքի պայուսակը, որի մեջ առկա 4 բջջային հեռախոսների լիցքավորիչների զննությամբ հայտնաբերվել են կասկածելի զանգվածներով փաթեթներ:
ՀՀ Քննչական կոմիտեից մեզ հաղորդում են, որ նշյալ դեպքի կապակցությամբ Արթիկի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
Նույն օրը` ժամը 21-ի սահմաններում, նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից վարչական մասնաշենքի կանանց զուգարանից հայտնաբերվել է բջջային հեռախոսի ևս մեկ լիցքավորիչ, որի զննությամբ նույնպես հայտնաբերվել է կասկածելի զանգվածներով 3 հատ փաթեթ: Փաստաբանի նյութերի նախապատրաստման ժամանակ բացատրություն է տվել, որ այդ լիցքավորիչն ինքն է նետել զուգարան։ Նշանակված դատաքիմիական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն` կասկածելի զանգվածից 55,7 գրամը հանդիսանում է մարիխուաննա , իսկ 0,25 գրամը՝ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց։
Նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով փաստաբանն այսօր ձերբակալվել է։ Միջոցներ են ձեռնարկվում գործի հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Մինչ այդ նաև տեղեկացրել ենք, որ փաստաբան Ռուբիկ Մովսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Կարգապահական վարույթը հարուցվել է Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 6.2.1 ենթակետի հիմքով, ըստ որի՝փաստաբանը պարտավոր է ձերբակալվածներին պահելու վայրերում, կալանավորվածներին պահելու վայրերում և ուղղիչ հիմնարկներում պահպանել սահմանված կարգը և իր վստահորդին կամ այլ անձի չփոխանցել արգելված իրեր: