2014թ. դեկտեմբերի 23-ին ժամը 17:45-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից զննության է ենթարկվել նույն հիմնարկի կալանավոր Արտյոմ Պողոսյանին տեսակցության գնացած փաստաբանի ձեռքի պայուսակը, որի մեջ առկա 4 բջջային հեռախոսների լիցքավորիչների զննությամբ հայտնաբերվել են կասկածելի զանգվածներով փաթեթներ: Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Փաստաբանը հայտարարել է, որ այդ լիցքավորիչները դատապարտյալին փոխանցելու համար իրեն է տրամադրել անծանոթ մի տղամարդ»,- նշեց տիկին Տռուզյանը` հավելելով. «Նույն օրը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կանանց զուգարանից հայտնաբերվել է նաև մեկ բջջային հեռախոսի լիցքավորիչ, որի զննությամբ նույնպես հայտնաբերվել են կասկածելի զանգվածներով թվով երեք փաթեթներ, որոնք փաստաբանը պնդել է, որ ինքն է նետել զուգարան»:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի փոխանցմամբ` դեպքի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր: Փաթեթների մեջ եղած զանգվածների բաղադրությունը պարզելու համար նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, եզրակացությունը դեռևս չի ստացվել:
Սոնա Տռուզյանը նշեց, որ փաստաբանի անունը հրապարակման ենթակա չէ, քանի դեռ գործի բոլոր հանգամանքները պազված չեն: