Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանին նշելով, որ վերջինս, օգտագործելով դատապարտյալին փոխանցելու կոնվենցիան, Ռամիլ Սաֆարովի հանձնումից անմիջապես հետո, ազատ է արձակել նրան: Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:
Քրիստոֆեր Չոպի (Միացյալ Թագավորություն) զեկույցի հիման կազմված և Բրյուսելում կայացած քննարկումների արդյունքում ընդունված բանաձևը նշում է, որ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դեպքում «Դատապարտված անձանց արտահանձնման մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը հանդիսանում է «միջազգային հարաբերություններում բարեխղճության սկզբունքների և օրենքի գերակայության խախտում»:
Բանաձևում ասված է, որ Ռամիլ Սաֆարովը ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցելիս հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար 2007 թվականին ցմահ ազատազրկման է դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: Հունգարիայում 8 տարի բանտում անցկացնելուց հետո, նրան արտահանձնել են Ադրբեջանին, հիմնվելով օտարերկրացի կալանավորներին, մարդասիրական նկատառումներից ելնելով, իրենց երկիր տեղափոխել թույլ տվող կոնվենցիայի վրա։
Ադրբեջանում Սաֆարովին դիմավորել էին որպես ազգային հերոսի և համաներում շնորհել նախքան հունգարական դատարանի կողմից սահմանված նրա դատապարտման ժամկետի ավարտվելը: Ադրբեջանում նրան նաև պարգևատրել են և այլ պարգևների ներկայացրել։
ԵԽԽՎ մշտական հանձնաժողովն իր բանաձևում նշում է, որ կոնվենցիան չի նախատեսում բանտարկյալներին հայրենիք վերադարձնելուց հետո անմիջապես ազատ արձակումը։