«Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով միջազգային համաժողովն այսօր` նոյեմբերի 3-ին, մեկնարկեց Երևանում:
Նոյեմբերի 3-ին և 4-ին անցկացվող այս համաժողովի շրջանակներում 12 երկրներից հրավիրված փորձագետները կներկայացնեն Հայաստանի, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ռուսաստանի, ՈՒկրաինայի, Վրաստանի, Ղրղզստանի և այլ երկրների փորձը, ինչպես նաև գործընթացի մարտահրավերներն ու հեռանկարները:
Այսօր համաժողովին ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերթը, Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը և այլք:
Հեռանկարային հետազոտությունների և նախաձեռնությունների կենտրոնի անդամ, Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը ներկայացրեց Սահմանադրական գործընթացների դերը հետկոմունիստական երկրների տրանսֆորմացիայի տեսանկյունից:
Նա ասաց, որ հետկոմունիստական հասարակության ժողովուրդների զարգացման տեսանկյունից կարոևորագույն նշանակություն ունեն մարդու իրավունքներն ու այս իրավունքների հարաբերակցությունը կուսակցությունների հետ:
Պարոն Թորոսյանը նաև շեշտեց, որ կուսակցությունների կայուն ձևավորումն անհնարին է առանց քաղաքացիական հասարակության զարգացման: Բանախոսներից Վենատիկի հանձնաժղովի անդամ Կաարլո Թուորին ներկայացրեց նախագահական և պառլամենտական կառավարման համակարգերի տարբերությունը:
Այնուհետև բանախոսներից պրոֆեսոր Եվգենի Թանչևը, ով դատավոր է Բուլղարիայում, միաժամանակ Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ է ներկայացրեց բուլղարական փորձը:
Ռուսաստանը ներկայացնող պրոֆեսոր Անդրեյ Մեուշևսկին ներկայացրեց ՌԴ-ի Սահմանադրությունը և դրանում տեղ գտած փոփոխությունները 1993 թվականից սկսած:
Համաժողովը այսօր կշարունակվի մինչև 14:30-ը: