Ի՞նչ իրավական հիմքով է գործել հանձնաժողովը. ՀԿ-ների ու փաստաբանների բաց նամակը

Հասարակական կազմակերպություններն ու փաստաբանները կրկին հայտարարությամբ են հանդես եկել` անդրադառնալով ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրության մրցույթին: Այս անգամ նրանք նամակ են գրել ՀՀ մրցութային հանձնաժողովի նախագահողի անդամները: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

Գագիկ Հարությունյանին, անդամներ` Արման Մկրտումյանին, Ալվինա Գյուլումյանին, Կարեն Անդրեասյանին, Հովհաննես Մանուկյանին, Գևորգ Կոստանյանին, Արա Զոհրաբյանին, Ռուբեն Մելիքյանին և Հրաչիկ Սարգսյանին:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների մրցութային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով), ս.թ հոկտեմբերի 7-8-ը ամփոփելով մրցույթի երկրորդ փուլի՝ հարցազրույցի արդյունքները, կազմել և ՀՀ նախագահի հաստատմանն է ներկայացրել երեք թեկնածուներից բաղկացած ցուցակ, որը հաստատվել է 13.10.2014թ.-ին:

Մենք` ներքոստորագրյալներս, ս.թ. սեպտեմբերի 30-ին, մրցույթի առաջին փուլի ավարտին, տարածել էինք հայտարարություն՝ հայտնելով մեր մտահոգությունը ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության ընթացակարգի թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների պահպանման առնչությամբ: Չնայած այս սկզբունքների ապահովման ուղղությամբ կատարված որոշ քայլերին (դիմումների և ՀՀ արդարադատության այցելուների մուտքի-ելքի գրանցամատյաններին ծանոթանալու կամ հարցազրույցի տեսաձայնագրման հնարավորություն)՝ թեկնածուների ընտրության համար ստեղծված պայմանների հավասարությունը, գործընթացի օրինականությունը և ընտրության արդարացիությունը, այդուհանդերձ, հանրության մոտ առաջացնում են լուրջ մտահոգություններ, որոնք, մասնավորապես, հիմնավորվում են «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից իրականացված դիտարկման արդյունքների նախնական զեկույցի բացահայտումներով:

Հանրության կասկածները փարատելու նպատակով և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով` յուրաքանչյուր քաղաքացու համար երաշխավորված տեղեկություններ փնտրելու և ստանալու, ինչպես նաև 27.1-րդ հոդվածով երաշխավորված իրավասու պետական մարմիններին դիմում ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատասխան ստանալու իրավունքը, խնդրում ենք պարզաբանում ներկայացնել հետևյալ հարցերի վերաբերյալ.

Թեկնածուների դիմումների ընդունման վերջնաժամկետը լրանալու պահից` ս.թ. սեպտեմբերի 24-ի ժամը 18:00-ից հետո, ըստ մամուլում առկա տեղեկությունների, դիմումատուների թիվը 11-ն էր, իսկ երեք օր անց հրապարակված պաշտոնական լուրերում դիմումատուների թիվն արդեն 14 էր: Այս թվի կասկածելի աճի վերաբերյալ եղել են տարբեր՝ իրարամերժ բացատրություններ Հանձնաժողովի անդամ, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի, ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանի, ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանի[4] և փաստաթղթերի գրանցամատյանում գրանցված վերջին թեկնածուների կողմից: Խնդրում ենք պարզաբանել վերոնշյալ հակասական մեկնաբանությունները և հանրությանը տրամադրել արժանահավատ տեղեկատվություն դիմումատուների ցուցակում կատարված փոփոխության վերաբերյալ:

ՀՀ նախագահի 02.08.2014թ. ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված կարգի համաձայն փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե աշխատակազմը դրանք ստացել է մինչև սահմանված ժամկետի լրանալը, մինչդեռ Հանձնաժողովը մեկնաբանել է, որ դիմումների ստացման վերջնաժամկետ համարվող 24.09.2014թ. ժամը 18:00-ն վերաբերելի է միայն առձեռն ներկայացված դիմումներին: Խնդրում ենք պարզաբանել՝ արդյո՞ք Հանձնաժողովն իրավունք ուներ և ի՞նչ իրավական հիմքով է մեկնաբանել ՀՀ նախագահի 02.08.2014թ. ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված կարգը և համարել, որ ժամկետից ուշ փոստով ստացված դիմումները ևս համարվում են սահմանված ժամկետում ստացված:

Ըստ Հանձնաժողովի թիվ 3 արձանագրության՝ ոչ բոլոր հավակնորդներին են տրվել գնահատման չափորոշիչներով սահմանված բոլոր հարցերը, սակայն նրանց ստացած բարձր միավորներից կարելի է եզրակացնել, որ գնահատվել են նաև այդ հարցերի պատասխանները: Արդյո՞ք այսպիսի մոտեցմամբ Հանձնաժողովը ապահովել է մրցույթի մասնակիցների համար հավասար պայմաններ և արդարացի ընտրություն, և ինչի՞ հիման վրա են գնահատվել թեկնածուներին չտրված հարցերի պատասխանները:

Հարցազրույցից, այսինքն՝ մրցույթի երկրորդ փուլից հետո թեկնածուներից երկուսին փաստաթղթերի ամբողջականության ստուգման պատրվակով Հանձնաժողով հրավիրելը, նրանց հետ առանձնազրույց ունենալը և բացատրություն պահանջելը ՀՀ նախագահի հրամանագրով սահմանված կարգի ակնհայտ խախտում է: Արդյո՞ք Հանձնաժողովն իրավունք ուներ մրցույթից հետո (գիշերը` ժամը 23:00-ին) հավակնորդներին կանչել բացատրություններ տալու, ի՞նչ իրավական հիմքով և ի՞նչ նպատակով:

Թեկնածուների լեզվաիմացության ստուգման համար մասնագետների ընտրության կարգ սահմանված չէ: Նման պայմաններում ինչպե՞ս և ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվել Հանձնաժողովը մասնագետներ ընտրելիս:

Արդյոք Հանձնաժողովի անդամները հայտարարե՞լ են շահերի բախման մասին և ձեռնպահ են մնացել քվեարկությունից: Եթե այո, խնդրում ենք հրապարակել այդ տեղեկությունը, եթե ոչ, խնդրում ենք նշել, թե ինչպե՞ս են կարգավորվել շահերի բախմանն առնչվող հարցերը:

Ի՞նչ իրավական հիմքերով է բացատրվում մրցույթի օրինականության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող, տվյալ դեպքում՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը, տեղեկատվություն չտրամադրելը: Ինչու՞ են գաղտնի պահվում Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները (բացի թիվ 3 արձանագրությունից), մրցույթի հարցազրույցների տեսագրությունները, Հանձնաժողովի անդամների կողմից լրացված գնահատման թերթիկները յուրաքանչյուր հավակնորդի մասով, Հանձնաժողովի անդամների քվեարկությունները առանձին հարցերի վերաբերյալ և այլ հայցվող տեղեկատվությունը: Նման գաղտնիության պարագայում ինչպե՞ս է Հանձնաժողովը հիմնավորում մրցույթի օրինականությունը:

Ակնկալում ենք Ձեր պատասխանը վերոնշյալ հարցադրումներին ստանալ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված 5-օրյա ժամկետում:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ

«Նոր սերունդ», մարդասիրական ՀԿ

««Երաշխիք» քաղաքացիական հասարակության կենտրոն» ՀԿ

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ

«Սպիտակի hելսինկյան խումբ» ԻՀԿ

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ

Ծովինար Նազարյան, ակտիվիստ, «Խիզախ կին» մրցանակակիր 2012

Արա Զաքարյան, փաստաբան

Նիկոլայ Բաղդասարյան, փաստաբան

Լուսինե Սահակյան, փաստաբան

Երվանդ Վարոսյան, փաստաբան

Հայկ Ալումյան, փաստաբան

Լիպարիտ Սիմոնյան, փաստաբան

Արմեն Սողոմոնյան, փաստաբան

Ավագ Լալայան, փաստաբան

Տիգրան Աթանեսյան, փաստաբան

Տիգրան Մուրադյան, փաստաբան

Տիգրան Հայրապետյան, փաստաբան

Նարինե Ռշտունի, փաստաբան

Ռուբեն Ռշտունի, փաստաբան

Նոնա Գալստյան, փաստաբան

Տիգրան Սաֆարյան, փաստաբան:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել