ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հոկտեմբերի 15-ին ընդունեց Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի պատվիրակությանը՝ պալատի նախագահ Ալեքսանդրա Տրեսնյեվին գլխավորութամբ: Պատվիրակությունը Հայաստանում է գտնվում Հարկադիր կատարման ծառայության կողմից կազմակերպված 2-րդ միջագային գիտագործնական համաժողովի շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Հարկադիր կատարման ծառայության պաշտոնական կայքից:
Հյուրերը Միհրան Պողոսյանի ուղեկցությամբ եղան Հարկադիր կատարման ծառայության քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակում, ծանոթացան գրասենյակի աշխատանքներին: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը նշեց, որ սպասարկման գրասենյակը կոչված է քաղաքացիներին արագ և կենտրոնացված ծառայություններ մատուցելուն: Այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս առանց հարկադիր կատարողի հետ հանդիպելու ստանալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կատարողական վարույթների շրջանակներում:
Սերբիայի պատվիրակության անդամները, ովքեր հետաքրքրված էին աճուրդի կազմակերպման և գույքի իրացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հայաստանյան փորձով, եղան նաև Ծառայության համապատասխան բաժիններում և ծանոթացան իրականացվող աշխատանքներին: Այնուհետև ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի մոտ տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում նա շնորհակալություն հայտնեց սերբ պատվիրակներին՝ հրավերն ընդունելու և 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցելու համար, ապա անդրադարձավ Ծառայության խնդիրներին, ձեռք բերված նվաճումներին և հետագա համագործակցության հնարավոր հեռանկարներին:
Նա իր խոսքում կարևորեց այն փաստը, որ Ծառայություն գործունեությունը թափանցիկ է հասարակության համար և դրանով իսկ ցանկացած հնարավոր բացթողում տեսանելի է դառնում հասարակությանը, ինչն էլ ավելի է բարձրացնում ծառայության աշխատակիցների պատասխանատվության զգացումը իրենց գործը բարեխիղճ իրականացնելու համար:
Միհրան Պողոսյանը հյուրերին տեղեկացրեց, որ Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը բավականաչափ ուսումնասիրել է միջազգային փորձը՝ աշխատանքի արդյունավետության բարձրացման նոր մեխանիզմներ գտնելու նպատակով:
Զրույցի ընթացքում Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի նախագահ Ալեքսանդրա Տրեսնյեվը ներկայացրեց իրենց դատական կատարողների ազգային պալատի կառուցվածքը, գործառույթներն ու առկա մարտահրավերները:
Միհրան Պողոսյանը նշեց, որ Հայաստանի Հարկադիր կատարման ծառայությունը համագործակցում է շատ երկրների հետ և ցանկալի կլինի, եթե Սերբիայի դատական կատարողների ազգային պալատը և Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը նույնպես ակտիվ համագործակցության եզրեր գտնեն, որոնք կնպաստեն վերջիններիս զարգացմանը:
Լուսանկարը՝ harkadir.am-ի: