Ավարտվեցին հայ-սերբական բանակցությունները. կարևորվեց դեսպանությունների հիմնումը

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից, հոկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի նստավայրում կայացել են Նախագահ Սերժ Սարգսյանի և պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Բանակցություններից հետո տեղի է ունեցել երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Սերբիայի Հանրապետության առևտրի, զբոսաշրջության և հեռահաղորդակցության նախարարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Տոմիսլավ Նիկոլիչն այնուհետ հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարությամբ:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ՀՀ Նախագահի ելույթից.

«Ինձ համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Սերբիայի Նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պարոն Նիկոլիչի առաջին պաշտոնական այցը Հայաստան խորհրդանշական է, քանի որ այն կայանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա տարեդարձի հոբելյանական տարում:

Այս երկու օրերի ընթացքում պարոն Նիկոլիչի հետ լիակատար փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք երկկողմ օրակարգի բոլոր հարցերը: Մենք միակարծիք էինք, որ ժամանակն է վերաիմաստավորելու վերջին քսան տարիների մեր անցած ուղին և նոր շունչ հաղորդելու երկկողմ համագործակցությանը բոլոր հնարավոր ոլորտներում: Այս համատեքստում կարևորեցինք Երևանում և Բելգրադում դեսպանությունների հիմնումը, ինչը մեծապես կնպաստի մեր հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը:

Կարևորեցինք քաղաքական երկխոսության առկա դինամիկայի պահպանումը, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, մշակութային կապերի և մարդկային շփումների ակտիվացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխշահավետ գործակցության ընդլայնումը: Այդ ուղղությամբ այժմ քննարկումներ են ընթանում փոխադարձաբար Հայաստանի և Սերբիայի քաղաքացիներին սահմանի վրա մուտքի արտոնագրեր տրամադրելու կամ ավելին՝ առանց արտոնագրերի մուտք արտոնելու վերաբերյալ:

Առանձնակի շեշտադրեցինք առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը և համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը: Թեև մեկնարկային կետը ցածր է, բայց ականատեսն ենք լինում մեր ապրանքաշրջանառության ծավալների կտրուկ աճի: Կարծում եմ, դրան նպաստեց նաև այս տարվա սկզբին Երևանում կայացած առաջին հայ-սերբական գործարար համաժողովը: Սույն այցի շրջանակներում ստորագրվեցին զբոսաշրջության բնագավառում և տնտեսական, գիտական ու տեխնիկական բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրեր:

Իմ գործընկերոջը ներկայացրեցի Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները: Նախագահ Նիկոլիչն ինձ ծանոթացրեց Կոսովոյի խնդրում Սերբիայի մոտեցումներին և դիրքորոշումներին: Ուզում եմ հատուկ շեշտել, որ կարևորում եմ այն փաստը, որ չնայած կարգավիճակի չճանաչմանը, Սերբիան ուղիղ բանակցություններ է վարում Կոսովոյի հետ: Գիտեք, մենք էլ համարում ենք, որ անհեռանկար է ձևացնել, որ կոնֆլիկտային իրավիճակներում ընտրված իշխանությունները լեգիտիմ չեն: Ակնհայտ է, որ դրա այլընտրանքը քաոսն է:

Ես վերահաստատել եմ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը Կոսովոյի հիմնախնդրի վերաբերյալ և նշել, որ մենք գնահատում ենք Սերբիայի հավասարակշռված մոտեցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասով և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին:

Սերբիան հաջորդ տարի նախագահելու է ԵԱՀԿ-ում, և այդ առումով Հայաստանը սատարում է Սերբիային այդ պատասխանատու առաքելության մեջ և աջակցելու է կազմակերպության ամրապնդմանն ուղղված սերբ գործընկերների նախաձեռնություններին:

Մեր բանակցությունների օրակարգում էին նաև միջազգային հրատապ խնդիրները` Իրաքում, Սիրիայում ահաբեկիչների վայրագություններին վերջ դնելուն ուղղված միջազգային հանրության միասնական ջանքերը: Մտահոգություն հայտնեցինք Մերձավոր Արևելքում ծայրահեղականների կողմից ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնությունների փաստերի, ինչպես նաև քրիստոնեական հուշարձանների ոչնչացման փաստերի կապակցությամբ: Անդրադարձանք ուկրաինական ճգնաժամին և դրա հանգուցալուծման նպատակով ձեռնարկվող քայլերին:

Ինչպես գիտեք ես նոր եմ վերադարձել Մինսկից, որտեղ Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին միանալու պայմանագիրը: Մենք կայացրել ենք այդ որոշումը` մեր երկրի տնտեսության առաջընթացին նոր զարկ հաղորդելու նպատակով: Եվրասիական տարածքում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժով և մատչելի էներգակիրների հասանելիությամբ ու միասնական տրանսպորտային լուծումների ներդրմամբ պայմանավորված մեր տնտեսության մրցունակության և արդյունավետության բարձրացման նոր հնարավորություններ են առաջ գալիս:

Բայց կարևոր է, որ մեր գործընկերներն իմանան՝ մենք դա երբեք չենք հակադրում Եվրոպական միության հետ մեր ունեցած երկխոսությանը: Այն շարունակվում է և շարունակվելու է, քանի որ մենք ունենք բազմաթիվ համընկնող շահեր, մենք ունենք ընդհանուր ժառանգություն, որի վրա հենվելով՝ շարունակում ենք մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը»:

Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ հրավերի և ջերմ հյուրընկալության, այցի երկու օրերին պաշտոնական և ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպումների ու քննարկումների համար:

Սերբիայի Նախագահը, խոսելով իր երկրի ապագայի մասին, նշել է, որ Սերբիան ձգտում է դառնալ Եվրամիության անդամ և միաժամանակ ձգտում բարեկամներ ունենալ աշխարհով մեկ: Տոմիսլավ Նիկոլիչն ընդգծել է, որ Սերբիան չի մոռանա իր բարեկամներին Եվրամիությանն անդամակցելուց հետո, բայցև չի լքի Եվրամիությունը բարեկամների համար, այդ ճանապարհին ոչ մեկին չի վտանգի: Նա նշել է, որ Սերբիան ցանկանում է ավելի լավ կյանք ապահովել իր քաղաքացիների համար: Այն, որ իր երկիրն այժմ տնտեսական ճգնաժամ է ապրում, Նախագահ Նիկոլիչի խոսքով, Սերբիայի նախկինում կատարած որոշակի սխալների հետևանքն է, երբ մոռացել է իր հին բարեկամների մասին՝ ընկնելով միայն սեփական շահերի հետևից: Նախագահ Նիկոլիչն ընդգծել է՝ մեր շահն այսօր բարեկամությունն է:

Լուսանկարը՝ president.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել