Ինչո՞ւ է իրավական լրագրողը «սարսափելի կերպով» ատում ԱԺ-ն

Yerkir.am լրատվական կայքի իրավական լրագրող Աստղիկ Կարապետյանն, իր խոսքերով, խիստ պատահական է հայտնվել լրատվական դաշտում, սակայն սիրել ու կարևորել է լրագրողի մասնագիտությունը: Պատահական չէր Աստղիկի հետ հարցազրույցը, այն անցկացրեցինք հենց դատարանում` նիստերի դահլիճում, որտեղ հարցազրույցից հետո լրագրողը պետք է լուսաբաներ հերթական դատական գործը: Մեր զրուցակցի մասնագիտական կյանքի մռայլ պահերը սկսվում ու ավարտվում են Ազգային ժողովում, ինչպես նա է ասում` այստեղ ունեցել է դժոխային օրեր: Ի՞նչն էր այդքան անհանգստացրել իրավական լրագրողին, ո՞ր դեպքերում է ներքին խուճապ սկսվում նրա մոտ և ինչո՞ւ Աստղիկը չի ցանկանում, որ դուստրը դառնա լրագրող: Իմացեք Իրավաբան.net-ի «Իրավական ոլորտը լուսաբանող լրագրողները» շարքի հերթական հարցազրույցում:

-Ողջույն Աստղիկ, եկ խոսենք քո կրթությունից, որտե՞ղ ես սովորել:

-Ես 2007 թվականին ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրը, իսկ 2009-ին՝ մագիստրատուրան: Աշխատել եմ ուսմանը զուգահեռ` 2004 թ-ից սկսել եմ թղթակցել «Երկիր» թերթին:

-Ինչո՞ւ ընտրեցիր հենց լրագրողի մասնագիտությունը:

-Խիստ պատահական. ես այն ընտրել եմ չհասկանալով` լրագրությունն ինչ է: Անկեղծ եմ ասում: Ես սովորում էի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում, բնագիտական հոսքում, այսինքն` ենթադրվում էր, որ ես ընդհանրապես լրագրության մասին չպիտի մտածեի, մտածում էի ռազմական բժիշկ դառնալ: Բուհ ընդունվելու համար կենտրոնացած էի բնագիտական առարակներ պարապելու վրա ու մի օր հայրիկս տեղեկացավ, որ կոնկրետ այդ տարի ռազմական բժշկության ֆակուլտետ չեն ընդունելու աղջիկների. պատճառաբանում են, թե աղջիկները, սովորաբար, չեն արդարացնում ակնկալիքները. ուսման ընթացքում հաճախ ամուսնանում են ու չեն կարողանում համակարգում մնալ:  Եվ այդպես չստացվեց ռազմական բժիշկ դառնալը: Ինձ համար արդեն միևնույնն էր, թե ինչ մասնագիտություն կընտրեի` ռեժիսուրայից մինչև քիմիա տատանվում էի: Մի օր մեծ քույրիկս ասաց՝ կուզե՞ս լրագրող դառնալ, ասացի՝ այո: Եվ ընդունվեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ:

-Իսկ ռազմական բժշկի երազանքը թողե՞լ ես հետագա իրականացմանը, թե արդեն հրաժարվել ես դրանից:

-Վաղուց հրաժարվել եմ այդ մտքից։ Երբ ընդունվեցի համալսարան ու սկսեցի սովորել, հասկացա, որ իսկապես սիրում եմ այս մասնագիտությունը:

Եղել են պահեր, երբ առաջարկ եմ ստացել այլ ոլորտում աշխատելու, նույնիսկ լրագրությունը ոչ ամբողջությամբ թողնելու, ու ներքին խուճապ է սկսվել ինձ մոտ: Ես իսկապես սիրում եմ այս մասնագիտությունը։

-Նախ խնդրում եմ մանրամասնել, թե քանի տարի է, որ լուսաբանում ես հենց իրավական ոլորտը:

-Արդեն 4 տարի:

-Ի՞նչն է առաջնային իրավական ոլորտը լուսաբանող լրագրողի համար:

-Որպես լրագրող կարևոր է ճիշտ շփումը մասնագետների, իրավական գործընթացում ներգրավվող անձանց հետ։ Նաև գրագետ ընկալումը խնդիրների․ չեմ ուզում գործընկերներիս թերագնահատել, բայց լինում են դեպքեր, երբ մարդիկ չեն կարողանում նախ ճիշտ ըմբռնել խնդիրն ու այնուհետև ճիշտ փոխանցել ընթերցողին: Ես գիտեմ, որ իրավաբան չեմ, շատ բաներ չգիտեմ ու չեմ ամաչում հարցնել փաստաբաններին, դատախազներին ու գործին ծանոթ մյուս մասանագետներին՝ բացը լրացնելու համար: Երբ դեռ նոր էի սկսել իրավական ոլորտը լուսաբանել, բացի նրանից, որ բազմիցս խորհրդակցում էի, նույնիսկ իրավաբան-ընկերոջս խնդրում էի աչքի անցկացնել նյութը՝ մինչև հրապարակումը:

-Իրավական լրագրողի գործունեությունը սկսվում է Ազգային ժողովում, ավարտվում` դատարաններում, ի՞նչ խնդիրներ կան այս օղակների հետ շփման պարագայում:

-Իմ կարիերայի շատ փոքր հատված ես նաև Ազգային ժողովում եմ հավատարմագրված եղել, անկեղծ ասած` դա ինձ համար դժոխային էր, որովհետև ես սարսափելի կերպով չէի սիրում ԱԺ գնալ: Թվում է, թե իրավական լրագրողին պետք է հետաքրքրի օրենսդիր մարմինը, բայց նորություն չեմ ասի, որ ԱԺ հիմնականում գնում են քաղաքական դաշտը լուսաբանող լրագրողները:  Թեև ասեմ, որ, ընդհանուր առմամբ, ԱԺ-ի գործունեությունն էլ լուսաբանելու ընթացքում դժվարություններ չեմ ունեցել:

-Իսկ դատական համակարգի հետ շփման պարագայում ի՞նչ խնդիրներ են եղել:

-Խնդիրներ չեն եղել։ Սակայն շատ դեպքերում միջնորդում ես տեսանկարահանել, լուսանկարահենլ ու մերժվում են: Մերժումները մեծամասմաբ հիմնավորված չեն։ Եվ, կարծես, դատավորն այդ քայլին գնում է ոչ թե կողմերին լսելով, այլ պարզապես կամայականորեն որոշում է կայացնում: Հիմնականում վերաքննիչ դատարանում է այդպես լինում:

-Ես մատանի եմ տեսնում մատիդ, այսինքն` դու ամուսնացա՞ծ ես:

-Այո, ես ամուսնացած եմ, ունեմ մեկ աղջիկ:

-Կցանկանայի՞ր, որ նա շարունակեր քո ճանապարհը:

-Ոչ, ես հավատում եմ, որ նա ինձ գերազանցելու է բոլոր առումներով, ես շատ բաների չեմ կարողացել հասնել, բայց նա իմ չարածները կանի ու ինձ կգերազանցի, սակայն ոչ լրագրության մեջ: Ես ցանականում եմ, որ նա իրավական ոլորտում կայանա:

-Անձնական հարցերից կրկին անցում կատարենք մասնագիտականին` որո՞նք են ըստ քեզ ներկայումս ամենաարդիական իրավական խնդիրները, որ ամենօրյա լուսբանման կարիք ունեն:

-Ինձ թվում է` մենք ամեն օր լուսաբանում ենք այն թեմաները, որոնք հարմար ենք գտնում, մեր հոտառությունն, ըստ իս, ճիշտ է գտնվում: Մենք լուսաբանում ենք թերի օրենսդրությունը, որը պատճառ է դառնում մարդու իրավունքների խախտումների համար: Ամեն դեպքում, ամենառաջնայինը հենց դա է:

-Ի՞նչ հետաքրքիր նյութերի վրա ես աշխատել, ի վերջո դրանք կարևոր են յուրաքանչյուր լրագրողի համար:

-Կան նյութեր, որոնց վրա շատ աշխատելիս ահագին փորփրել եմ, հետաքրքիր բաներ գտնել, ու շատ եմ սիրել այդ նյութերս: Օրինակ` վերջերս փոխնակ մայրության մասին էի նյութ գրում, ու պարզեցի, որ միջազգային գործակալությունները (միջնորդ են փոխանակ մայրերի ու զույգերի միջև), նաև դրանով զբաղվող կլինիկաներն իրենց կայքերում դրական լույսի ներքո են ներկայացնում Հայաստանը, հայաստանցի փոխնակ մայրերին, միաժամանակ նաև գովազդում են Հայաստանը այն առումով, որ այստեղ առանց դժվարությունների փոխնակ մոր ծառայություններց կարող են օգտվել նույնասեռականները` չկան բարոյական բարիերեներ, նաև օրենսդրական դաշտն է լիբերալ: Ու, ի դեպ, հենց այդ լիբերալ օրենսդրական պայմաններն էլ որոշակի վտանգներ են ենթադրում թե՛ փոխնակների, թե՛ նրանց ծառայությունից օգտվողների համար:

-Իսկ աշխատանքի ընթացքում հետաքրքիր, զավեշտելի ու զարմանալի դեպքերի հետ էլ են լրագրողներն առնչվում: Այդպիսի իրավիճակում հայտնվե՞լ ես:

-Այո, իսկապես հաճախ են պատահում, բայց այս պահին մտքիս այս մեկն եկավ: Ես արդեն ֆիզարձակուրդում էի, գործընկերներս պատմում են, որ մի տղամարդ զանգում է  խմբագրություն, հարցնում է ինձ, ասում են՝ որ ֆիզարձակուրդում եմ, հազիվ թե շուտ վերադառնամ աշխատանքի,  ու այդ մարդը շատ բորբոքված ու մունաթով պատասխանում է. «Ի՞նչ ֆիզարձակուրդ, ասեք իրեն, որ մեր գործն արդեն վերաքննիչում է»: Ասեմ, որ քաղաքացիները հաճախ ինձ իրավաբան են համարում, երևի նրան էլ թվացել էր, թե իր փաստաբանն եմ …

Աստղիկը 2007 թվականից առ այսօր «Երկիր» թերթի և Yerkir.am լրատվական կայքի սոցիալ-իրավական ոլորտի պատասխանատու լրագրողն է, արժանացել է մի շարք մրցանակների և պատվոգրերի, այդ թվում` Զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ իրավական դաշտի, միջազգային փորձի և ՀՀ-ում իրավակիրառ պրակտիկայի լուսաբանմանը նվիրված մրցույթում` 1-ին տեղն է գրավել:

Կարդացեք այս շարքի նաև մյուս հարցազրույցները`

«ԱրմՌադիո»-ի և «Հետք» ինտերնետային կայքի լրագրող Զարուհի Մեջլումյան,

«02» շաբաթաթերթի լրագրող Գոհար Քալաշյան,

«Իրավունք» թերթի «Հետաքննություն» հավելվածի նախկին խմբագիր Արթուր Սահակյան,

«Առավոտ» օրաթերթի իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյան:

Հարցազրույցը վարեց Գևորգ Թոսունյանը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել