Ազատազրկման դատապարտված անձանց իրավունքների պաշտպանման հարցում հարկավոր է մի շարք գործընթացներ սկսել: Կարծում է «Լև գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Նախ նա անդրադարձավ տեխնիկական միջոցների ապահովմանը. «21-րդ դարում, երբ համացանցը սփռված է յուրաքանչյուր անձի բջջային հեռախոսի մեջ, ո՞վ է ասում, որ ազատազրկման դատապարտված անձը չպետք է ունենա այդ հնարավորությունը, և ընդհանրապես` ո՞վ է ասում, որ անձին ազատազրկելով` պետք է նաև վերջինիս զրկել այնպիսի տեխնիկական միջոցներից, որոնք տվյալ շրջանում արդեն դիտվում են պարտադիր»,- նշեց մեր զրուցակիցը: Ի դեպ, համաձայն կանոնակարգի` կալանավորված անձին հեռախոսակապից օգտվելու հնարավորություն տրամադրվում է միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքի բացակայության դեպքում:
Փաստաբանը նաև հաղորդեց. «Ժանակին մի քանի զեկույցներ եմ ես ներկայացրել` գրավի ինստիտուտի հետ կապված` տարօրինակ համարելով, որ նախաքննության փուլում որպես կանոն անձին ուղարկում են քննչական մեկուսարաններ, որոնք բանտային տիպի շինություններ են: Ժամանակն է եկել, որպեսզի այս հարցը վերանայվի և ռեֆորմատիվ փոփոխություններ իրականացվեն»:
Բացի այդ, պարոն Բաղդասարյանը պնդեց, որ հարկավոր է ի վերջո կարգավորել ցմահ դատապարտյալների խնդիրները. «Երբ փորձում ենք ստատիստիկ տվյալները համադրել` ըստ բնակչության քանակների, ամենաշատ ցմահ դատապարտվածները Հայաստանում են, այն պարագայում, երբ ծանր հանցագործության տեսակների առումով, Հայաստանը գտնվում է լավագույն տեղերից մեկում: Սա խնդիր է, որին պետական լիազոր մարմնը պետք է մեկ ժամ շուտ անդրադառնա»,- եզրահանգեց փաստաբանը: