Քննչական կոմիտեում ընդգրկված են հմուտ մասնագետներ: Համոզված է քննչական համակարգում 2 տասնյակից ավելի տարվա փորձ ունեցող Ռաֆիկ Սաֆարյանը, ով ներկայումս որպես փաստաբան աշխատում է հանրային պաշտպանի Երևանի գրասենյակում:
Հիշեցնենք, որ սեպտեմբեր 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` Քննչական կոմիտեի նախագահի չորս տեղակալներ նշանակելու վերաբերյալ: Ըստ այդ հրամանագրի` նշյալ պաշտոններին նշանակվել են Արթուր Ղամբարյանը (եղել է ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման բաժնի պետ, իրավաբանական գիտությունների դոկտոր է), Արամ Թամազյանը (մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը), Վահագն Հարությունյանը (միաժամանակ զբաղեցնելու է Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնը) և Արմեն Հարությունյան (եղել է ՊՆ քննչական ծառայության պետ):
«Քննչական կոմիտեի ստեղծումը շատ տեղին էր, քանի որ դեռ տարիներ առաջ` խորհրդային կարգերի ժամանակ մշտապես պայքար էր գնում, որպեսզի քննչական ապարատն առանձնացվի դատախազությունից, ներքին գործերի նախարարությունից և այլն: Կարծես թե հիմա հասել է այն պահը, որ առանձնացվել է և ինքնուրույն մարմին է»,- նշեց պարոն Սաֆարյանը` հավելելով, որ այսկերպ քննչական համակարգն ավելի անկախ կլինի. «Որոշումները ճիշտ կկայացվի և կաշկանդված չի լինի իր լիազորությունները պատշաճ կարգով իրականացնել»,- եզրահանգեց նախկին քննիչը: