Որո՞նք են անչափահասների նկատմամբ կիրառվող պատիժների տեսակները

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի անչափահասների նկատմամբ նշանակվող պատժի տեսակներն են՝

1) տուգանքը.

2) հանրային աշխատանքները.

3) կալանքը.

4) որոշակի ժամկետով ազատազրկումը: 

Տուգանքը կիրառվում է անչափահասի ինքնուրույն վաստակի կամ այնպիսի գույքի առկայության դեպքում, որի վրա կարող է տարածվել բռնագանձում: Տուգանքը նշանակվում է պատիժ նշանակելու պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Հանրային աշխատանքները դատարանի կողմից նշանակված, իրավասու մարմնի կողմից որոշված վայրում չվարձատրվող, դատապարտյալի կողմից հանրության համար օգտակար աշխատանքների կատարումն է։ Հանրային աշխատանքները կարող են նշանակվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարած, առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։ Հանրային աշխատանքները նշանակվում են երկու հարյուր յոթանասունից երկու հազար երկու հարյուր ժամ ժամկետով։

Հանրային աշխատանքները նշանակվում են որպես որոշակի ժամկետով ազատազրկմանն այլընտրանքային պատժատեսակ` ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունը ստանալուց հետո` քսանօրյա ժամկետում՝ դատապարտյալի գրավոր դիմում ներկայացնելու, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում: Դատարանը դիմումը մերժում է, եթե չի պահպանվել այն ներկայացնելու սահմանված կարգը:

Հանրային աշխատանքները չեն նշանակվում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչված, դատավճիռ կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած, կենսաթոշակային տարիք ունեցող անձանց, հղի կանանց և ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների նկատմամբ: Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների չկրած մասը դատարանը փոխարինում է կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ՝ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց:

Կալանքը տասնհինգ օրից երկու ամիս ժամկետով նշանակվում է դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին լրացած անչափահասի նկատմամբ:

Ազատազրկումն անչափահասների նկատմամբ նշանակվում է՝

1) ոչ մեծ ծանրության հանցագործության համար` առավելագույնը մեկ տարի ժամկետով, իսկ միջին ծանրության հանցագործության համար՝ առավելագույնը երեք տարի ժամկետով.

2) մինչև տասնվեց տարին լրանալը կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի համար՝ առավելագույնը յոթ տարի ժամկետով.

3) տասնվեցից մինչև տասնութ տարին լրանալը կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի համար՝ առավելագույնը տասը տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել