Սեպտեմբերի 24-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Ազգային ժողովից:
Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման իրավական հիմքերը եւ ուղղված է չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետեւանքներից սպառողների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը, տնտեսության զարգացմանը եւ գիտատեխնիկական առաջընթացին:
Հաշվի առնելով ոլորտի նոր զարգացումները և օրենքի կիրարկման ընթացքում արձանագրված բացերը՝ նախաձեռնության նպատակն է լրացնել ոլորտային բացթողումները, սահմանել նոր իրավակարգավորումներ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է հիմնական փոփոխությունները․
- ընդլայնվել է օրենքի կարգավորման առարկան,
- սահմանվել են պահանջներ չափման միավորների, չափանմուշների, ստանդարտ նմուշների, չափման միջոցների և մեթոդների պահպանման ու կիրառման վերաբերյալ,
- վերանայվել և ճշգրտվել են մի շարք սահմանումներ, ներդրվել են նոր տերմիններ,
- հստակեցվել և ընդլայնվել են Չափագիտության ազգային մարմնի լիազորությունները՝ ներառելով, օրինակ, թանկարժեք մետաղների սարքավորումների փորձաքննություն և չափագիտական խորհրդի ստեղծում,
- ընդլայնվել են տեսչական մարմնի լիազորությունները՝ ներառելով փաստաթղթերի ստուգման և տեխնիկական վերահսկողության գործառույթներ։
Զեկուցողի խոսքով՝ փոփոխությունները կնպաստեն․
- պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը,
- տնտեսության և հասարակության համար կարևոր ոլորտներում չափումների արդյունքների նկատմամբ վստահելիության ապահովմանը,
- օրենսդրական կրկնությունների նվազեցմանը։
Հանձնաժողովի անդամները ողջունել են Կառավարության առաջարկած փոփոխությունները՝ ընդգծելով տնտեսավարողների իրավունքների պաշտպանության կարևորությունը։
Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։