ԱՄՆ կառավարությանն առընթեր խաղաղության կորպուսի (Peace Corps) անվտանգության և պաշտպանության հարցերով պատասխանատու Ջեսիկա Ուիլթը և Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի անվտանգության ղեկավար Վահագն Տոնոյանը սեպտեմբերի 18-ին այցելել են ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ հայ-ամերիկյան միջկառավարական համաձայնագրի շրջանակներում ստեղծված Հայաստանի դատափորձագիտական ամենախոշոր կառույցի գործունեությանը ծանոթանալու, համագործակցության հեռանկարային ուղղությունները քննարկելու նպատակով:
Այս մասին հայտնում են Փորձաքննությունների ազգային բյուրոյից։
Հանդիպման ընթացքում Բյուրոյի տնօրենի գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը և տնօրենի անվտանգության ապահովման գծով տեղակալ Արա Գրիգորյանը հյուրերին ներկայացրել են կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմիններին օժանդակելու Բյուրոյի առաքելությունը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, ինչպես նաև ԱՄՆ առաջատար կազմակերպությունների հետ կազմակերպության արդյունավետ համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրերը և այլն:
Խաղաղության կորպուսի անվտանգության և պաշտպանության հարցերով պատասխանատու Ջեսիկա Ուիլթն իր հերթին ներկայացրել է Հայաստանում Խաղաղության կորպուսի առաքելությունը, բարձրացրել իրենց հուզող հարցերը և պատրաստակամություն հայտնել Բյուրոյի հետ հետագա փոխգործակցության համար:
Երկկողմ համագործակցության ուղղությունները հստակեցնելու նպատակով հյուրերի համար կազմակերպվել է շրջայց, որի շրջանակներում ներկայացվել են կառույցի վերջին տարիների ձեռքբերումները ինչպես մեթոդական ապահովման, այնպես էլ նյութատեխնիկական բազայի հագեցվածության առումով:
Նշենք, որ ԱՄՆ Խաղաղության կորպուսը գործունեություն է ծավալում աշխարհի շուրջ 60 երկրներում, իսկ երեք տասնամյակից ավելի՝ նաև Հայաստանում։ Մինչ օրս ավելի քան 1100 ամերիկացի կամավոր է ապրել և ծառայել Հայաստանի տարբեր մարզերում և գյուղերում՝ համագործակցելով կրթական, երիտասարդական, մշակութային և այլ կազմակերպությունների հետ:
