Ապատեղեկատվության դեմ պայքարը Հայաստանում – ի՞նչ է արվում և ի՞նչ խնդիրներ կան

Ապատեղեկատվության ընդհանուր պատկերը

Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում տեղեկատվական դաշտը բախվում է լուրջ մարտահրավերների, և Հայաստանը բացառություն չէ։ Կեղծ լուրերը, մանիպուլյատիվ բովանդակությունը և փոխկապակցված ապատեղեկատվական նարատիվները, հատկապես սոցիալական մեդիայի միջոցով շատ արագ հասնում են հազարավոր մարդկանց և ազդում հանրային կարծիքի ձևավորման վրա։

Եթե նախկինում նման երևույթներ հիմնականում տարածվում էին հեռուստատեսությամբ կամ տպագիր մամուլում, ապա վերջին տարիներին առցանց մեդիայի և սոցիալական հարթակների արագ զարգացումը ապատեղեկատվությունը դարձրել է ավելի լայնածավալ ու ազդեցիկ։ Հատկապես կարևոր է արձանագրել, որ ապատեղեկատվությունը չի սահմանափակվում միայն ներքին քաղաքականությամբ․ այն ակտիվորեն օգտագործվում է նաև արտաքին ուժերի կողմից՝ նպատակ ունենալով թուլացնել հանրային վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ, սրել հասարակական լարվածությունը և ազդել ազգային անվտանգության վրա։

Հայաստանը դեռևս չունի հատուկ ազգային մարմին, որը պատասխանատու կլինի ապատեղեկատվությունը բացահայտելու և դրան հակազդելու գործառույթների իրականացման համար, կառավարության տարբեր գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ ապատեղեկատվությանը հակազդելուն ուղղված արձագանքների մշակման համար։ Վարչապետի աշխատակազմում գործող «Հանրային կապերի կենտրոն» ՊՈԱԿ-ը, օրինակ, զբաղվում է հանրային կապերի, պետական կառույցների թափանցիկության, տեղեկատվական անվտանգության հարցերի ուսումնասիրությամբ, սակայն դրա գործունեությունը ամբողջությամբ չի ծածկում ապատեղեկատվության դեմ պայքարի անհրաժեշտությունը։

Կառավարության արձագանքը

Հայաստանի կառավարությունը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել ապատեղեկատվության սպառնալիքին։ Թեև մինչ այժմ ձեռնարկված քայլերը հիմնականում եղել են հատվածական և առանց միասնական ռազմավարության, 2023 թվականի նոյեմբերին հաստատվել է Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային հայեցակարգը և հայեցակարգից բխող 2024-2026 թթ. գործողությունների ծրագիրը, որի հիմնական նպատակն է ստեղծել համապարփակ և համակարգված մոտեցում՝ Հայաստանում ապատեղեկատվության դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու համար։

Այս ռազմավարությունն ուղղված է

  • պետական ինստիտուտների կարողությունների ամրապնդմանը,
  • հասարակության ներգրավվածության ապահովմանը,
  • մեդիա ոլորտի զարգացմանն ու ինքնակարգավորմանը,
  • տեխնոլոգիական գործիքների կիրառմանը։

Ռազմավարության առաջնահերթությունները

  • Ապատեղեկատվության ինստիտուցիոնալ հաղթահարում՝ հանրային կառավարման մարմինների կարողությունների զարգացում։
  • Համագործակցություն մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության հետ՝ արձագանքման մեխանիզմների ներդրում։
  • Իրավական դաշտի կատարելագործում՝ ապատեղեկատվության դեմ պայքարի համարժեք մեխանիզմներ ապահովելու նպատակով։
  • Հանրային կրթություն և մեդիագրագիտության բարձրացում՝ հատկապես երիտասարդների և խոցելի խմբերի շրջանում։
  • Տեխնոլոգիական գործիքների օգտագործում՝ ապատեղեկատվության մոնիթորինգի և վերլուծության համար։

Ռազմավարությամբ ակնկալվող արդյունքներն են՝

  • Ապատեղեկատվության վտանգների վերաբերյալ բարձրացված իրազեկվածություն։
  • Հաստատված հստակ մեխանիզմներ պետական մարմինների, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների համագործակցության համար։
  • Մեդիագրագիտության բարձր մակարդակ՝ որպես կանխարգելման հիմնական միջոց։
  • Իրավական և քաղաքական ամրապնդում՝ թվային միջավայրում խոսքի ազատության և պատասխանատվության համաչափության ապահովմամբ։

Հայեցակարգի թիրախային խմբերն են

Հայեցակարգի թիրախային խումբը բավականին ընդգրկուն է՝ հաշվի առնելով, որ աշխատանքային խումբը պատասխանատու է ոչ միայն գործողությունների մշակման, այլև դրանց իրականացման արդյունքների մշտադիտարկման համար։ Վերջնական նպատակն է ապահովել ՀՀ բնակչության առնվազն 70%-ի ընդգրկվածություն՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ձևով։

Այսպիսի ընդգրկուն մոտեցումը կարևոր է, քանի որ հայեցակարգի արդյունավետությունն ու հաջողությունը մեծապես պայմանավորված են գործողությունների լայն շրջանակով և տարբեր սոցիալական շերտերի ներգրավմամբ։

Այդուհանդերձ, առանձնացվում են մի շարք առաջնային թիրախային խմբեր, որոնք իրենց անմիջական ներգրավմամբ կարող են առանցքային դեր ունենալ մեդիագրագիտության մակարդակի բարձրացման և ապատեղեկատվության դեմ պայքարի գործընթացում․

  • Ուսուցիչներ
  • Երիտասարդներ (ուսանողներ, երիտասարդական կառույցների շահառուներ)
  • Դպրոցահասակ երեխաներ
  • Ծնողներ
  • Պետական մարմինների աշխատակիցներ, այդ թվում` հաղորդակցության և մարդկային ռեսուրսների կառավարման պատասխանատուներ,
  • Ֆորմալ ընդհանուր կրթական համակարգից դուրս գտնվող մեծահասակներ (30 65 տարեկան)
  • Մասնավոր հատվածի ներկայացուցիչներ(ՀԿ-ներ, անկախ փորձագետներ, վերլուծաբաններ և այլն)
  • Արտաքին լսարան

Ռազմավարական ուղղությունները

Ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգը ներառում է 3 ռազմավարական ուղղություն՝ համապատասխան 12 գործողությունների համալիրով։

  • Ուղղություն 1. Հզորացնել ՀՀ ինստիտուտների կարողությունը՝ ապատեղեկատվությունը կանխելու, հայտնաբերելու, արձագանքելու և վերլուծելու նպատակով
  • Ուղղություն 2. Փոխգործակցության բարելավում և մասնավոր հատվածի մոբիլիզացիա
  • Ուղղություն Բարձրացնել իրազեկումը և մեդիաազատությունների ու մեդիագրագիտության վերաբերյալ կրթության մակարդակը՝ ձևավորելով ապատեղեկատվության հանդեպ հանրային դիմակայություն

 Օրենսդրական փոփոխություններ ապատեղեկատվության և մեդիա ոլորտի կարգավորման ոլորտում

  • 2020 թ. սահմանվել են էթիկայի կանոններ և ինքնակարգավորման մեխանիզմներ այն հեռարձակողների համար, որոնք մասնակցում են արտոնագրման մրցույթներին։
  • 2020 թ. ընդունվեկ է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, որը նպատակ ունի բարձրացնել լրատվամիջոցների հաշվետվողականությունն ու ֆինանսական թափանցիկությունը։
    Այնուամենայնիվ, հեռուստատեսության սեփականության կառուցվածքի վերաբերյալ հանրային տեղեկատվության հասանելիությունը մնում է սահմանափակ, իսկ կոնկրետ հեռարձակողների և քաղաքական դերակատարների միջև կապերը՝ մշուշոտ։
  • 2021 թվականին Ազգային ժողովն ընդունեց փոփոխություններ, որոնցով նախատեսվեց վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման առավելագույն շեմեր՝ համապատասխանաբար մինչև 3 և 6 միլիոն դրամ։

   Այս փոփոխությունները քննադատության են արժանացել որպես հնարավոր սահմանափակում խոսքի ազատության նկատմամբ՝ բացասական ազդեցություն ունենալով լրագրողական գործունեության վրա։

Խնդիրներ և մարտահրավերներ

Չնայած Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերին և ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ մշակված ռազմավարական փաստաթղթերին, ոլորտը շարունակում է բախվել մի շարք խորքային և բազմաշերտ խնդիրների։ Դրանք պայմանավորված են ինչպես ինստիտուցիոնալ բացերով, այնպես էլ իրավական, հասարակական և տեխնոլոգիական միջավայրի առանձնահատկություններով։

Ինստիտուցիոնալ և կառավարման բացեր

Հայաստանում դեռևս չկա անկախ, հստակ իրավասություններով օժտված մարմին, որը համակարգված կերպով կհետևի ապատեղեկատվության տարածմանը և կվերահսկի հակազդման գործընթացները։ Ներկայիս արձագանքները մասնատված են տարբեր գերատեսչությունների միջև, ինչը հանգեցնում է․

  • գործառույթների կրկնության կամ հակասության,
  • պատասխանատվության սահմանների անորոշության,
  • պետական կառույցների գործողությունների անարդյունավետության։

Բացի այդ, պետական ինստիտուտների ներսում հաճախ բացակայում են անհրաժեշտ մասնագիտական ռեսուրսներ և տեխնոլոգիական կարողություններ՝ ապատեղեկատվության մոնիթորինգի ու վերլուծության համար։

 Իրավական և նորմատիվ դաշտի խնդիրներ

Ապատեղեկատվության դեմ պայքարը բախվում է խոսքի ազատության սահմանափակման վտանգին։

  • Վիրավորանքի և զրպարտության համար պատասխանատվության միջոցները հաճախ ընկալվում են որպես ճնշման գործիք լրագրողների և անկախ լրատվամիջոցների նկատմամբ։
  • Չկան հստակ չափանիշներ՝ ինչն է համարվում ապատեղեկատվություն, ինչն է պարզապես կարծիք կամ քննադատություն։ Այս անորոշությունը թույլ է տալիս մանիպուլյատիվ մեկնաբանություններ։
  • Օրենսդրական դաշտը քիչ է հարմարված թվային միջավայրի արագ փոփոխություններին․ սոցիալական մեդիայի և առցանց հարթակների նկատմամբ պետական վերահսկողության և համագործակցության մեխանիզմները թույլ են զարգացած։

 Հանրային վստահության պակաս և ինֆորմացիոն պոլարիզացիա

Հասարակության զգալի հատվածը չի վստահում պետական կառույցների կամ պաշտոնական լրատվամիջոցների տրամադրած տեղեկություններին։ Սա պայմանավորված է

  • անցյալում կուտակված թափանցիկության խնդիրներով,
  • քաղաքականացված հաղորդագրություններով,
  • անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշման մասին ընկալումներով։

Վստահության պակասը ստեղծում է բարենպաստ միջավայր կեղծ լուրերի արագ տարածման համար, քանի որ մարդիկ հակված են ավելի շատ հավատալ այլընտրանքային, չստուգված աղբյուրներին։ Բացի այդ, հասարակության ներսում առկա է խորացող պոլարիզացիա՝ քաղաքական, սոցիալական և աշխարհաքաղաքական հարցերի շուրջ։ Այս պառակտվածությունը հեշտացնում է ապատեղեկատվական նարատիվների թիրախավորումը։

Մեդիագրագիտության ցածր մակարդակ

Չնայած մեդիագրագիտության ծրագրերի առկայությանը, Հայաստանի բնակչության մեծ մասի համար դեռևս դժվար է տարբերել հավաստի տեղեկատվությունը մանիպուլյատիվ բովանդակությունից։ Հատկապես խոցելի են․

  • մարզերում ապրող քաղաքացիները,
  • տարեցները,
  • թվային տեխնոլոգիաներին քիչ տիրապետող խմբերը։

Մեդիագրագիտության ցածր մակարդակը նպաստում է ոչ միայն ապատեղեկատվության տարածմանը, այլև հանրային քննարկումների որակի նվազմանը։

Տեխնոլոգիական մարտահրավերներ

Ապատեղեկատվության տարածման հիմնական հարթակները միջազգային սոցիալական մեդիայի հսկա ընկերություններն են (Meta/Facebook, YouTube, TikTok, Telegram), որոնց հետ Հայաստանի համագործակցությունը սահմանափակ է։

  • Պետական մարմինները չունեն բավարար լծակներ՝ այդ հարթակներից ապատեղեկատվական կամ ատելության խոսք պարունակող բովանդակությունը հեռացնելու հարցում։
  • Տվյալների հասանելիության սահմանափակումը խոչընդոտում է ապատեղեկատվության ծավալի և ազդեցության խորքային վերլուծությունը։
  • Թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառման բացակայությունը թույլ չի տալիս ժամանակին հայտնաբերել համակարգված ապատեղեկատվական արշավները։

Քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի սահմանափակ ներառվածություն

Չնայած ռազմավարության մեջ շեշտվում է համագործակցության կարևորությունը, քաղաքացիական հասարակության և անկախ փորձագետների ներգրավվածությունը շատ դեպքերում սահմանափակ է։

  • Մասնավոր հատվածի մասնակցությունը սահմանափակվում է առանձին նախաձեռնություններով, առանց համակարգված մեխանիզմների։
  • Միջազգային գործընկերների աջակցությունը հիմնականում նախագծային բնույթ է կրում և քիչ է ուղղորդվում երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխությունների։

Քաղաքական և անվտանգային գործոններ

Ապատեղեկատվությունը Հայաստանում ոչ միայն ներքին սոցիալական կամ քաղաքական խնդիր է, այլև ազգային անվտանգության սպառնալիք։

  • Տարբեր արտաքին դերակատարներ կիրառել և շարունակում են կիրառել ապատեղեկատվությունը՝ ազդելու Հայաստանի արտաքին քաղաքականության և հասարակական կարծիքի վրա։
  • Տարածաշրջանային լարվածությունը (Լեռնային Ղարաբաղի հետ կապված հակամարտություն, հայ-ադրբեջանական հարաբերություններ) ստեղծում է տեղեկատվական պատերազմի մշտական ռիսկեր։
  • Ներքաղաքական պառակտումները նպաստում են ապատեղեկատվության ներքին օգտագործմանը՝ որպես քաղաքական պայքարի գործիք։

Ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետությունը Հայաստանում կախված է ոչ միայն իրավական ու տեխնոլոգիական լուծումներից, այլև հասարակության վստահության վերականգնումից, մեդիագրագիտության բարձրացումից և պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության միջև իրական գործընկերային համագործակցությունից։ Առանց այս հիմքերի ամրապնդման, անգամ լավագույն ռազմավարությունները կարող են մնալ թղթի վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել