Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և ԶԼՄ-ները պետք է ակտիվ ներգրավվեն կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Այդ պատճառով Վանաձորում կայացավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի իրազեկման սեմինարը:
«Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում շատ կարևոր փուլում է և այսօր կարիք կա համախմբել ինչպես իշխանությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ջանքերը, որպեսզի հնարավոր լինի ոչ միայն պայքարել, այլ նաև հաղթահարել այս երևույթը»,- ասաց «Հայաստանի երիտասարդ իրավաբաների ասոցիացիա» ՀԿ նախագահ,«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել հակակոռուպցիոն ուսուցումներ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների համար, ապա ուսուցումն անցածներին տրամադրել փոքր դրամաշնորհներ մոնիթորինգի, լրագրողական հետաքննական ծրագրերի իրականացման համար, ստեղծել հակակոռուպցիոն կոալիցիա, մոտեցնել Կառավարության և ՔՀԿ-ների տեսակետները` անկախ միասնական հակակոռուպցիոն մարմնի ստեղծման և ապօրինի հարստացման քրեականացման հարցերի վերաբերյալ:
«Մենք շատ ուրախ ենք, որ պատիվ ենք ունեցել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիային այս դրամաշնորհը տրամադրել և հույս ունենք, որ այն մեծ ազդեցություն կունենա կոռուպցիայի դեմ պայքարի գործում», -նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա Նավարրոն:
Իրազեկման սեմինարին ներկա էին Լոռու և Տավուշի մարզերի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Սեմինարի ժամանակ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նշեց, որ դեռևս երկու տարի առաջ համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Լոռու մարզպետարանի միջև՝ պարտավորվելով պայքարել այնպիսի արատավոր երևույթի դեմ, ինչպիսին կոռուպցիան է:
«Կարծում եմ համագործակությունը պետք է շարունակել, էլ ավելի ուշադրություն սևեռելով կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղված ձեռնարկումներին»,- ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Նշենք, որ ծրագրի իրականացումը մեկնարկել է 2014 թվականից և կավարտվի 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 650.000 եվրո: