Մեկնարկել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը: Առաջիկա երեք տարիների ընթացքում Եվրամիության ֆինանսավորմամբ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան գործընկեր կազմակերպության՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ միասին մի քանի ուղղություններով փորձելու է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում:
Ծրագրի իրազեկման առաջին սեմինարը կազմակերպվել էր Արարատ քաղաքում: Ներկա էին ներկայացուցիչներ Արարատի և Արմավիրի մարզում գործող բոլոր հասարակական կազմակերպություններից, ԶԼՄ-ներից,Վեդի և Արարատ քաղաքների քաղաքապետերը: Նրանք հանդես եկան ողջույնի խոսքով՝ կարևորելով նման ծրագրի մեկնարկը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար մեզ անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը: Այսինքն՝ այստեղ՝ սենյակում գտնվողներիդ ներգրավվածություն»,- ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել հակակոռուպցիոն ուսուցումներ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների համար, ապա ուսուցումն անցածներին տրամադրել փոքր դրամաշնորհներ մոնիթորինգի, լրագրողական հետաքննական ծրագրերի իրականացման համար, ստեղծել հակակոռուպցիոն կոալիցիա, մոտեցնել Կառավարության և ՔՀԿ-ների տեսակետները` անկախ միասնական հակակոռուպցիոն մարմնի ստեղծման և ապօրինի հարստացման քրեականացման հարցերի վերաբերյալ:
«Կոռուպցիան Հայաստանում այսօր իսկապես մեծ խնդիր է և դրա դեմ պայքարը ոչ միայն իշխանությունների, միջազգային կազմակերպությունների, այլ նաև մեր հասարակության գերխնդիրն է և միայն բոլորի համատեղ ուժերով է հնարավոր հաղթահարել այս չարիքը»,- նշեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:
Ապօրինի հարստացումը քրեականացված չէ Հայաստանում: Սա հասարակական կազմակերպությունների հիմնական դժգոհություններից մեկն է: Ժամանակն է մտածել դրա մասին:
«Ես, իհարկե, չեմ կարող խոսել Հայաստանի կառավարության փոխարեն, քանի որ Կառավարությունը պետք է որոշի, թե երբ է ժամանակը։ Սակայն քաղաքակիրթ, զարգացած երկրների փորձը ասում է, որ ժամանակը հիմա է, որովհետև միանշանակ, պետական ծառայողները, մարդիկ, ովքեր աշխատում են մարդկանց համար, թե՛ ընտրված, թե՛ նշանակված պետք է հաշվետու լինեն։ Այսպիսով, նրանք պետք է հաշվետու լինեն իրենց ունեցվածքների, գործողությունների համար»,-Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Չեխիայի Հանրապետության գործերի հավատարմատար Պետր Միկիսկան:
Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասն պատմում է Լիտվայի հակակոռուպցիոն փորձի մասին: Նրանք սկսեցին երկրի նախագահի, վարչապետի և նախարարների գույքի և եկամուտների հայտարարագրումից: Այժմ իրենց ունեցվածքը հայտարարագրում են բոլոր քաղծառայողները:
«Շատ գոհ եմ այսպիս սեմինարի մասնակցելու համար, որտեղ կարող ենք փոխանակել մեր փորձը և տեղեկատվություն փոխանակել։ Եվ ես հավատում եմ, որ Եվրոպական միության օժանդակությամբ նախաձեռնված այս ծրագիրը միանշանակ հաջողության կհասնի այս տարածաշրջանում»,- նշեց Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացուցիչ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի Կառավարություն-ՔՀԿ երկխոսության համակարգող Գևորգ Հայրապետյանը ներկաներին հայտնեց, որ կազմակերպվելիք հակակոռուպցիոն ուսուցումների ժամանակ մանրամասն կտեղեկացնեն տեղեկատվության ազատության իրավունքին, դրա իրացման ձևերին:
Շվեդիայի թագավորության գործերի հավատարմատար Մարտինա Քուիքը Հայաստան է ժամանել երկու շաբաթ առաջ, դեռ լավ ծանոթ չէ Հայաստանին, բայց մի բանում վստահ է՝ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել բոլոր միջոցներով:
«Ես ցանկանում եմ նաև ավելացնել, որ ցանկացած հասարակության մեջ սա մի բան է, որի դեմ ամեն մեկը միշտ պետք է պայքարի, քանի որ հնարավոր չէ հասնել որևէ աստիճանի, երբ խնդիրն արդեն անցել է։ Սա մի բան է, որի դեմ յուրաքանչյուր հասարակություն պետք է պայքարի ամեն օր, սա շարունակական պայքար է»,- կարծում է Մարտինա Քուիքը:
Մարզում գործող հասարակական կազմակերպությունները ևս ոգևորված են ծրագրով. վերջապես կոռուպցիայի դեմ պայքարի գործում կկարողանան նաև իրենք գործուն աջակցություն ունենալ:
Նշենք, որ ծրագրի իրականացումը մեկնարկվել է 2014 թվականից և կավարտվի 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 650.000 եվրո:
Նունե Հովսեփյան