Երիտասարդը հարվածել է պարեկին, երբ իմացել է, որ զրկվում է վարորդական իրավունքից․ մեքենայի ուղևորները ևս քաշքշել ու հարվածել են պարեկներին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են Գյումրիի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկվում է վարորդական իրավունքից, ինչն օրենքի պահանջ է: Այդ լսելով` վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են նաև ավտոմեքենայի երկու ուղևորները, որոնք ևս քաշքշել ու հարվածել են պարեկներին:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանների ծառայողական գործունեությանը միջամտած անձինք ձերբակալվել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, իսկ ավտոմեքենան տեղում վերցվել է պահպանության: Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ: Ստուգվել է նաև ուղևորների սթափությունը, պարզվել է, որ նրանք ևս ալկոհոլ օգտագործած են եղել։

Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Հայաստանի քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար։ Ավելին՝ բռնություն գործադրելով միջամտելու պարագայում օրինախախտին սպառնում է բացառապես ազատազրկման ձևով պատիժ։

Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ յուրաքանչյուր դեպք հանգեցնելու է քրեաիրավական հետևանքի։ Ավելին՝ անհրաժեշտ է ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին․ չենթարկվելը կհանգեցնի խիստ հետևանքների»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել