Պարեկի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հետևանքով ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարած անձը չի տուգանվել. վարույթի նյութերը դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզում ծառայություն իրականացնող պարեկը կանգնեցրել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարող անձին և առաջարկել սահմանված կարգով անցնել սթափության վիճակի զննություն: Քաղաքացու վարորդական իրավունքի վկայականը ստուգելիս՝ պարեկը պարզել է, որ վերջինիս տուգանային միավորներից 8,75-ը սպառված է եղել, և տուգանվելու դեպքում վարորդը կզրկվեր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Հիշյալ հանգամանքը հաշվի առնելով՝ տվյալ վայր ժամանած վարորդի ընկերը համաձայնության է եկել պարեկի հետ՝ վարորդի փոխարեն իրեն սթափության զննության ենթարկելու հարցի շուրջ:

Արդյունքում՝ իրական վարորդի փոխարեն սթափության զննություն է անցել այլ անձ, և համապատասխան սարքում մուտքագրվել են կեղծ տեղեկություններ, որի հետևանքով ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարած անձը չի ենթարկվել վարչական պատասխանատվության և չի զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար պարեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրան օժանդակած անձին՝ 46-441-րդ հոդվածի 1-ին մասով և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով։ Ներկայացված մեղադրանքում պարեկն իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք: Նրա պաշտոնավարումը կասեցվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել