Լրատվամիջոցը ԱԳՆ-ից հերքում ստանալուց հետո հրապարակել է ապատեղեկատվություն․ նախարարությունը հերքում է պահանջում

Երեկ ՀՀ ԱԳՆ-ն հարցում էր ստացել Փաստինֆո գործակալության լրագրողից, թե արդյո՞ք ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերջերս չլուսաբանված այց է կատարել Դուբայ (ԱՄԷ), որտեղ ունեցել է պաշտոնական կամ ոչ պաշտոնական հանդիպումներ, օրինակ՝ Ադրբեջանի արտգործնախարարի հետ։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը թե՛ բանավոր, թե՛ գրավոր պատասխանում միանշանակ հերքել է ԱԳ նախարարի իբր «չլուսաբանված այցի» մասին ԶԼՄ-ի սխալ «տեղեկությունները»՝ նշելով, որ նախարարի աշխատանքային և պաշտոնական այցերը մշտապես լուսաբանվում են, չլուսաբանված որևէ այց, այդ թվում՝ ԱՄԷ, տեղի չի ունեցել։ Լրագրողին նաև տեղեկացվել է, որ ՀՀ ԱԳ նախարարը Ղազախստան կատարած պաշտոնական այցից մարտի 28-ին վերադարձել է Աստանա-Դուբայ-Երևան թռիչքով։ Միաժամանակ, հստակ նշվել է, որ Դուբայում որևէ պաշտոնական հանդիպում կամ ոչ պաշտոնական շփում որևէ երկրի ներկայացուցչի հետ տեղի չի ունեցել։ Պատասխանում լրացուցիչ ընդգծվել է, որ այն տրամադրվում է որպես հարցման մեջ նշված սխալ «տեղեկությունների» հերքում։

Չնայած հերքվելուն՝ Փաստինֆո գործակալության հրապարակած նյութի վերնագրում առկա է «Արարատ Միրզոյանը չլուսաբանված այց է ունեցել Դուբայ» պնդումը: Միաժամանակ բուն տեքստում ևս տեղ են գտել կեղծ պնդումներ.

ա) նախարարի՝ Դուբայում լինելու ընթացքում ադրբեջանական պատվիրակության հետ ոչ պաշտոնական շփումներ ունենալու վերաբերյալ,

բ) Դուբայում գիշերակացով կանգ առնելու և դրա վերաբերյալ ԱԳՆ կողմից պարզաբանում չտրամադրվելու վերաբերյալ (թեև գիշերակացի վերաբերյալ ԱԳՆ-ին անգամ հարց չէր ուղղվել, իսկ ուղղված լինելու դեպքում միանշանակ կհերքվեր),

գ) առհասարակ Դուբայում լինելու փաստն իբրև թե ԱԳՆ կողմից նախ հերքվելու և հետո նոր հաստատվելու վերաբերյալ (թեև ի սկզբանե հերքվել է թե՛ այցը, թե՛ այլ երկրի ներկայացուցչի հետ հանդիպում ունենալը, և ոչ թե Դուբայում տարանցիկ թռիչքով մի քանի ժամ գտնվելու փաստը):

Հրապարակման պահին ընդամենը չորս պարբերություն ունեցող նյութում ապատեղեկատվության տարածմանը միտված երանգավորումներն այսքանով չեն սահմանափակվում, և լրատվականի հրապարակման մեջ այլ անճշտությունների մասին տեղեկացվել է նամակով։

Ձեռնպահ կմնանք կոնկրետ այս արարքին գնահատական տալուց, սակայն հենց նման իրավիճակներն են, որ հանրության կողմից ընկալվում են իբրև չարամտորեն մոլորեցնող և մանիպուլյացիոն ապատեղեկատվություն, իսկ նման կեղծիք տարածողը, մեղմ ասած, չի դիտվում որպես լրատվամիջոց: Կարծում ենք, որ նման երևույթները ստվերում են ԶԼՄ-ների առաքելությունն ու նրանց նկատմամբ վստահությունն առհասարակ, հետևաբար դրանց դեմ պետք է պայքարի առաջին հերթին լրագրողական հանրույթը, առնվազն՝ հանրությանը ճիշտ տեղեկատվություն փոխանցելու էթիկական պարտավորություն ունեցողները:

Ի դեպ, տվյալ հրապարակումից հետո լրատվադաշտում հայտնվել են «ՀՀ ԱԳ նախարարը գիշերը Դուբայում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ» ակնհայտ սուտ վերնագրով հրապարակումներ։

Հաշվի առնելով վերոնշյալը և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դրույթները՝ Փաստինֆո գործակալությունից և տվյալ նյութն արտատպած ԶԼՄ-ներից պահանջում ենք նշված հրապարակման հեռացում և սույն գրառման տարածմամբ ԱԳՆ անունից հստակ հերքման հրապարակում: Ակնկալում ենք նաև հետագայում նմանատիպ «նյութերը» պարզապես արտատպելու փոխարեն ԱԳՆ հետ դրանց հավաստիության ճշտում։

Շնորհակալ ենք ԶԼՄ այն գործընկերներին, ովքեր մեխանիկորեն չեն արտատպել նյութը կամ արդեն իսկ արձագանքել են և կատարել համապատասխան հերքում։

Եվ վերջում կցանկանայինք վերահաստատել, որ ԱԳ նախարարությունն աշխատել և շարունակելու է թափանցիկորեն լուսաբանել ԱԳ նախարարի այցերն ու հանդիպումները՝ հաշվետու լինելով ՀՀ բոլոր քաղաքացիներին»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել